ԵՊՀ քիմիայի գիտահետազոտական կենտրոնի անօրգանական քիմիայի լաբորատորիայի գիտաշխատող Հայկ Պետրոսյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Մասնագիտական վերապատրաստում-2025» ծրագրի (25PTS-1D013) շրջանակում վերապատրաստում է անցնում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ն. Ս. Կուռնակովի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի (Մոսկվա) կոորդինացիոն բազմամիջուկային միացությունների քիմիայի լաբորատորիայում:
Վերապատրաստման շրջանակում կատարվում են գիտահետազոտական համատեղ աշխատանքներ՝ ուղղված բազմամիջուկ կոորդինացիոն միացությունների սինթեզին, դրանց կառուցվածքային և ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրությանը, ինչպես նաև պոտենցիալ լյումինեսցենտ և կենսաբանական ակտիվություն ցուցաբերող համակարգերի ստացման նոր մոտեցումների մշակմանը։ Միաժամանակ ձեռք են բերվում բազմամիջուկ կոորդինացիոն միացությունների սինթեզի, բյուրեղացման և կառուցվածքային հետազոտության ժամանակակից մեթոդների կիրառման գործնական հմտություններ, այդ թվում՝ վակուումային պայմաններում սինթեզների իրականացման, սպեկտրոսկոպիական և ռենտգենակառուցվածքային հետազոտությունների ոլորտներում։ Վերապատրաստման ընթացքում ուսումնասիրվում են վակուումային պայմաններում տերբիում-կենսաակտիվ լիգանդ, եվրոպիում-կենսաակտիվ լիգանդ համակարգերում կոորդինացիոն միացությունների առաջացման հավանականությունները։ Ստացվել են վառ արտահայտված բյուրեղային կառուցվածքով և ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության ներքո լուսարձակող միացություններ։ Նմանատիպ համակարգերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում ժամանակակից նյութագիտության և կոորդինացիոն քիմիայի տեսանկյունից՝ շնորհիվ իրենց լյումինեսցենտ, մագնիսական և պոտենցիալ կենսաբանական ակտիվ հատկությունների, ինչը վերջիններիս հեռանկարային է դարձնում օպտիկական նյութերի, սենսորների և կենսաբժշկական կիրառությունների մշակման համար։ Նախատեսվում է շարունակել ստացված միացությունների հետազոտությունները՝ դրանց կենսաբանական ակտիվության գնահատման և հնարավոր կիրառությունների ուսումնասիրման ուղղությամբ։



