Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի նախաձեռնությամբ «APPEAR» ակադեմիական գործընկերության «373-BioBarFungArm» («Հայաստանի անտառածածկ շրջաններում միկորիզագոյացնող և քսիլոտրոֆ սնկերի կենսաբազմազանության գնահատում և ԴՆԹ-բարկոդավորում») ծրագրի շրջանակում հոկտեմբերի 12–16-ը անցկացվեց «Հայաստանի սնկերի կենսաբազմազանությունը. COP17-ին ընդառաջ» խորագրով միջազգային աշնանային դպրոցը։
Երևանի պետական համալսարանի և Վիեննայի համալսարանի համագործակցությամբ կազմակերպված աշնանային դպրոցին մասնակցեցին 18 ուսանողներ, ինչպես նաև հայ և ավստրիացի հետազոտողներ ու դասախոսներ։ Միջոցառման նպատակն էր ընդլայնել մասնակիցների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները սնկերի կենսաբազմազանության ուսումնասիրության, նմուշառման, ձևաբանական նույնականացման և մոլեկուլային հետազոտությունների ոլորտներում։
Տեսական գիտելիքներից մինչև գործնական աշխատանքներ
Հնգօրյա կրթական ծրագիրը ներառում էր գիտական դասախոսություններ, դաշտային հետազոտություններ և լաբորատոր գործնական աշխատանքներ։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց միկորիզագոյացնող և բնափայտ քայքայող սնկերին, դրանց տեսակային բազմազանությանը և անտառային էկոհամակարգերում ունեցած էկոլոգիական նշանակությանը։
Դաշտային հետազոտությունները կատարվեցին «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերում, ինչպես նաև Ստեփանավանի դենդրոպարկում։ Հնգօրյա դաշտային և լաբորատոր աշխատանքների ընթացքում մասնակիցները հավաքեցին և նույնականացրին սնկերի շուրջ 240 տեսակ։ Ուսանողները գործնականում ծանոթացան սնկերի հավաքման, փաստագրման, ձևաբանական հատկանիշների ուսումնասիրման, մանրադիտակային նույնականացման և ԴՆԹ-բարկոդավորման նպատակով նմուշների նախապատրաստման մեթոդներին։
Ուսումնասիրություններ՝ կիրառելով ժամանակակից մոտեցումներ
Աշնանային դպրոցի վերջին օրը գործնական պարապմունքներն անցկացվեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում։ Մասնակիցներն ուսումնասիրեցին հավաքված սնկային նմուշները և ծանոթացան տեսակների նույնականացման ժամանակակից մեթոդներին՝ կիրառելով նաև «APPEAR» ծրագրի շրջանակում արդիականացված լաբորատոր ենթակառուցվածքները։
Ծրագրի ընթացքում քննարկվեցին նաև սնկերի կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրները Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) համատեքստում։ Կարևորվեց սնկերի դերը էկոհամակարգերի կայունության ապահովման գործում, ինչպես նաև դրանց ներառումը կենսաբազմազանության մշտադիտարկման, պահպանության ռազմավարությունների և բնապահպանական քաղաքականության մեջ։
Հավաստագրեր՝ մասնակիցներին
Աշնանային դպրոցը հաջողությամբ ավարտած բոլոր 18 ուսանողները ստացան մասնակցության հավաստագրեր և 3 ECTS կրեդիտ՝ հավաստելով ծրագրի ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքներն ու գործնական կարողությունները։
Միջազգային աշնանային դպրոցը կարևոր ներդրում ունեցավ «BioBarFungArm» ծրագրի կրթական և գիտահետազոտական նպատակների իրականացման գործում՝ նպաստելով ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, հայ և ավստրիացի մասնագետների միջև փորձի փոխանակմանը և միջազգային ակադեմիական համագործակցության ընդլայնմանը։
Միջոցառումը նաև խրախուսեց կին հետազոտողների և ուսանողների ակտիվ ներգրավվածությունը գիտական գործունեության մեջ՝ կարևորելով գենդերային հավասարությունն ու կանանց մասնագիտական առաջընթացը գիտության ոլորտում։
Մեկ հարթակում միավորելով գիտական հետազոտությունը, գործնական կրթությունն ու կենսաբազմազանության պահպանության գաղափարները՝ աշնանային դպրոցի աշխատանքները նպաստեցին Հայաստանում սնկաբանության զարգացմանը և միջազգային գիտակրթական համագործակցության ամրապնդմանը։















