ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Սույն թվականի հուլիսի 14-ին ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցեցին ֆակուլտետի դեկանը, փոխդեկանը, կրթական ծրագրերի ղեկավարները, պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչները և այլ հյուրեր:

Ֆակուլտետի դեկան, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Ղազարյանը շնորհավորեց ֆակուլտետի շրջանավարտներին բուհն ավարտելու կապակցությամբ՝ մաղթելով մասնագիտական բազում վերելքներ ու նորանոր ձեռքբերումներ: Կարևորելով ուսանողների համար հիշարժան օրվա խորհուրդը՝ դեկանը հատկապես շեշտեց, որ դիպլոմ ստանալը խորհրդանշում է կյանքի հերթական փուլի ավարտը միայն: Դրանով սկսվում է ինքնակրթության և ինքնակատարելագործման հարատև մի ընթացք, որն էլ կդառնա նրանց մասնագիտական, նաև անձնական հաջողությունների առհավատչյան:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը, որն իր անգնահատելի ներդրումն ունի որակյալ կադրերի պատրաստման գործընթացում, ևս հրաժեշտի խոսքեր ասաց շրջանավարտներին: Կրթական տարբեր ծրագրերում դասավանդող դասախոսներն իրենց ելույթներում անդրադարձան ուսումնառության ընթացքում ծավալած իրեն գործունեությանը, որով պայմանավորված՝ տարիների ընթացքում ուսանողները զարգացրել են իրենց մասնագիտական և անձնային որակները, հմտություններն ու կարողությունները: Ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսկան անձնակազմի անխոնջ աշխատանքի ու անմնացորդ նվիրումի շնորհիվ հնարավոր է դարձել ուսանողների համար ապահովել և՛ մասնագիտական գիտելիքների հարստացման ու ստեղծարարության զարգացման արդյունավետ կրթագիտական հարթակ, և՛ ոչ ֆորմալ միջավայր, որտեղ նրանք կարողացել են ճանաչել միմյանց, ստեղծել ընկերական նոր կապեր ու ծանոթություններ: Հորդորելով միշտ բարձր պահել համալսարանականի պատիվն ու կոչումը՝ պետք է հիշել, որ նրանց հաջողությունները նաև ֆակուլտետի հաջողություններն են:
Ֆակուլտետի շրջանավարտների աշխատանքային ոլորտն իհարկե բազմաճյուղ է, և ուսանողներն իրենց կարիերան կարող են կառուցել տարբեր ուսումնական և գիտական հաստատություններում, ՀՀ պետական կառավարման համակարգի զանազան մարմիններում, բնապահպանության, սննդարդյունաբերության, կենսատեխնոլոգիայի տարբեր բնագավառներում, նաև միջազգային ու արտասահմանյան գիտակրթական կենտրոններում, բայց միշտ պետք է հիշել, որ այդ ամենը մի օր սկիզբ է առել ԵՊՀ-ից՝ բացառիկ կրթական մի հաստատությունից, որն ընդգրկված է նաև միջազգային հեղինակավոր վարկանիշային աղյուսակներում:
Ելույթներին հաջորդեց շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: