- Գլխավոր
- Նորություններ
- «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակության այցը ԵՊՀ
Հոկտեմբեր 09, 2026 | 20:50
Գործընկերներ
Գրադարան
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակության այցը ԵՊՀ
Երևանի պետական համալսարանում էր «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությունը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիու Մ. Ֆեյժոյի գլխավորությամբ։ Այցի ընթացքում ներկայացվեցին ԵՊՀ կրթական և գիտահետազոտական հիմնական ուղղությունները, քննարկվեցին երկարամյա համագործակցության շարունակման և նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Տասնամյակների վստահություն և նոր հորիզոններ
1956 թվականին Լիսաբոնում հիմնադրված «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքն իր գործունեության ողջ ընթացքում հետևողականորեն նպաստում է հայապահպանությանը, հայոց լեզվի ու մշակույթի պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաև կրթությանն ու գիտությանը։ Բաժանմունքը կրթաթոշակներ և դրամաշնորհներ է տրամադրում կրթության, գիտության, հետազոտության ու մշակույթի ոլորտներում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Սփյուռքին և արևմտահայերենի պահպանմանն ու զարգացմանը։ Տարեկան շուրջ մեկ միլիոն եվրո է հատկացվում համալսարանական կրթաթոշակներին, ևս 2,5 միլիոն եվրո՝ ծրագրային դրամաշնորհներին։ Հիմնադրամի աջակցությունը տարածվում է շուրջ 30 երկրի անհատների և կազմակերպությունների վրա։
Հանդիպման ընթացքում ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն ու գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ներկայացրին համալսարանի կրթական և գիտահետազոտական առաջնահերթությունները, ինչպես նաև միջազգայնացմանն ուղղված ծրագրերը։ Կողմերը քննարկեցին գրադարանային ֆոնդի համալրման, գիտական հրատարակություններին աջակցության և հետազոտական համագործակցության հնարավորությունները։
Գրադարանից մինչև գիտական լաբորատորիաներ․ պատվիրակության շրջայցը ԵՊՀ-ում
Այցելություն ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
Պատվիրակությունն այցելեց ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, որտեղ հյուրերը ծանոթացան գրադարանային ֆոնդին, հայագիտական ու ակադեմիական եզակի հավաքածուներին և ուսանողների համար նախատեսված ժամանակակից ընթերցասրահներին։
ԵՊՀ հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնում առանձին հավաքածու է հատկացված «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի նվիրատվությանը, որն ընդգրկում է շուրջ 3377 միավոր գրականություն։ Վերջին համալրման արդյունքում ԵՊՀ գրադարանային ֆոնդը հարստացել է 90-ից ավելի արժեքավոր գրքերով, որոնք հասանելի կլինեն ուսանողներին՝ ուսումնառության ընթացքում և հետազոտական աշխատանքներ կատարելիս։
Գիտության զարկերակը՝ Ֆիզիկայի լաբորատորիայում
Հաջորդիվ պատվիրակությունն այցելեց ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիաներ՝ ծանոթանալով ԵՊՀ երիտասարդ գիտնականների ու հետազոտողների փորձարարական աշխատանքներին։ Քննարկվեցին գիտատեխնիկական նորարարությունների և միջազգային հետազոտական ծրագրերի ինտեգրման հնարավորությունները։
Ովքե՞ր էին պատվիրակության կազմում
Պատվիրակությունը գլխավորում էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիու Մ․ Ֆեյժոն։ Պատվիրակության կազմում էին նաև խորհրդի անդամներ, հիմնադրամի գլխավոր քարտուղար Ռուի Էժգայուն, իրավաբանական բաժանմունքի տնօրեն Ռուի Գոնսալվեշը, Հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը, փոխտնօրեն Շողեր Մարկոսյանը, ոչ գործադիր հոգաբարձու Իզաբել Կապելոա Ժիլը և հիմնադրամի այլ ներկայացուցիչներ։
Համագործակցության և այցի նպատակների մասին
ԵՊՀ-ի և հիմնադրամի համագործակցության, ինչպես նաև այցի նպատակների մասին զրուցեցինք Հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի հետ։
- Պարո՛ն Փանոսյան, ինչպե՞ս կբնութագրեք հիմնադրամի համագործակցությունը ԵՊՀ-ի հետ, և ո՞ր ուղղություններն եք համարում առաջնահերթ։
- Մեր բաժանմունքն իրականացնում է մի շարք հետազոտական ծրագրեր՝ հիմնականում հասարակական գիտությունների, պատմության և քաղաքագիտության ոլորտներում։ Դրանցում ներգրավված են նաև Երևանի պետական համալսարանի գիտաշխատողները։
Մեր ծրագրերից մեկը հասարակական գիտությունների մասնագիտական գրականության հայերեն թարգմանությունն է։ Այս ուղղությամբ համագործակցում ենք ԵՊՀ-ի և գիտական այլ հաստատությունների ներկայացուցիչների հետ։
ԵՊՀ-ի հետ նախատեսում ենք նաև մի շարք կոնկրետ նախաձեռնություններ, այդ թվում՝ համալսարանի գրադարանային ֆոնդի համալրման և արդիականացման ուղղությամբ։
Հիմնադրամն ունի նաև «Conference and Travel Grant» կրթաթոշակային ծրագիր, որի շրջանակում տարբեր մասնագիտությունների երիտասարդ մասնագետները հնարավորություն ունեն ֆինանսական աջակցություն ստանալու արտերկրում անցկացվող միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար։ Ծրագրին ակտիվորեն մասնակցում են նաև ԵՊՀ ներկայացուցիչները։
Բացի դրանից՝ հիմնադրամն աջակցում է ԵՊՀ որոշ գիտական հրատարակությունների՝ նպաստելով հետազոտությունների արդյունքների տարածմանը։
- Ի՞նչ դեր ունի ԵՊՀ-ն հիմնադրամի կրթական և գիտահետազոտական ծրագրերում։
- Հայաստանի գիտական հանրության հետ համագործակցում ենք երկար տարիներ, քանի որ գիտությունը երկրի զարգացման հիմնարար նախապայմաններից է։ Մեր ծրագրերում կարևոր տեղ է զբաղեցնում քննադատական մտածողության զարգացումը, հատկապես՝ հասարակական գիտությունների ոլորտում։
Մեր նպատակներից է պատմության, քաղաքագիտության և սոցիոլոգիայի ոլորտներում հետազոտական մշակույթի զարգացումն ու վերլուծական մոտեցումների խթանումը։
ԵՊՀ-ն ավելի քան 15 տարի մեր առանցքային գործընկերներից է։ Մենք կարևորում ենք համագործակցության շարունակությունը՝ նպաստելու գիտական միջավայրի զարգացմանը, հետազոտությունների որակի բարձրացմանը և քննադատական մտածողության ամրապնդմանը։
- Ո՞րն է Հայաստան կատարած այցի հիմնական նպատակը։
- Առաջին անգամ է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի գլխավորությամբ այսպիսի պատվիրակություն է այցելում Հայաստան։ Հիմնադրամի 70-ամյակի առիթով խորհրդի անդամները ցանկացան տեղում ծանոթանալ Հայաստանին, հայ ժողովրդի և հիմնադրամի առանցքային գործընկերների հետ, որոնց թվում է նաև Երևանի պետական համալսարանը։ Այցի նպատակն է ամրապնդել երկարամյա կապերը և քննարկել համագործակցության հետագա հնարավորությունները։
- Ի՞նչ տպավորություններ են ստացել Ձեր գործընկերները Հայաստանից և ԵՊՀ-ից։
- Մեր պորտուգալացի գործընկերներից շատերն առաջին անգամ են Հայաստանում։ Նրանց համար այցը հնարավորություն էր ծանոթանալու թե՛ երկրին, թե՛ համալսարանին։ Մենք նաև մեկնել ենք Երևանից դուրս՝ այցելելով Տաթև, որպեսզի նրանք ավելի մոտիկից ճանաչեն Հայաստանը։ Նրանք շատ տպավորված են։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորեցին կրթության և գիտության ոլորտներում համագործակցության շարունակությունը, արևմտահայերենի պահպանմանն ուղղված ծրագրերի զարգացումն ու երիտասարդ հետազոտողների աջակցությունը։


















