- Գլխավոր
- Նորություններ
- Գիտությունից մինչև մշակութային երկխոսություն․ ԵՊՀ-ում ամփոփվել է ՈՒԳԸ միջազգային 12-րդ գիտաժողովը
Հոկտեմբեր 19, 2026 | 12:00
Գիտություն
Կոնֆերանսներ
Կրթություն
Գիտությունից մինչև մշակութային երկխոսություն․ ԵՊՀ-ում ամփոփվել է ՈՒԳԸ միջազգային 12-րդ գիտաժողովը
Երևանի պետական համալսարանում հոկտեմբերի 5–9 անցկացվել է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) միջազգային երիտասարդական 12-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Գիտաժողովին ներկայացվել էր 296 հայտ, որոնցից 54-ը՝ արտերկրից։ Մասնագիտական գրախոսության արդյունքում ընտրվել էր 182 մասնակից, այդ թվում՝ 32 օտարերկրացի երիտասարդ հետազոտող։
Գիտաժողովի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 5-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Գիտաժողովի մեկնարկն ազդարարեց ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Դավիթ Սարգսյանը, իսկ մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը։
Միջոցառման ընթացքում ՈՒԳԸ կայացման և զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անդամներին շնորհվեցին կառույցի պատվավոր անդամի կոչումներ։ Այնուհետև ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում բացվեց «ՈՒԳԸ-79» ցուցահանդեսը, որտեղ ֆակուլտետային թիմերը ներկայացրին իրենց աշխատանքները։ Ինտերակտիվ առաջադրանքներն ու խաղերը հատկապես հետաքրքրեցին օտարերկրյա հյուրերին։
Հոկտեմբերի 6-ից գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին ֆակուլտետային ՈՒԳԸ ստորաբաժանումների 14 բաժանմունքներում, որոնք ընդգրկում էին 19 մասնագիտական ուղղություններ։ Մասնակիցները ներկայացրին իրենց հետազոտությունները, ինչպես նաև այցելեցին «Արարատ» Երևանի կոնյակի գործարան, Հայաստանի պատմության թանգարան և Հայոց ցեղասպանության հուշահամալիր ու թանգարան-ինստիտուտ։
Գիտաժողովի շրջանակում անցկացվեցին երեք թեմատիկ պանելային քննարկումներ՝ «COP17. գիտություն, իրավունք և միջազգային համագործակցություն», «ՀՀ անկախության ճանապարհը. ընտրություն և պատասխանատվություն» և «Մշակույթի դերակատարումը ազգի ինքնության և կայացման գործում» խորագրերով։
Գիտաժողովի մասնակիցներն ու ՈՒԳԸ անդամները նաև այցելեցին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության թանգարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն-թանգարան։
Գիտաժողովի ծրագրում ներառված էին նաև մշակութային միջոցառումներ։ «Մաչանենց տանը» մասնակիցները ծանոթացան հայկական ազգային երգին, ազգագրական պարերին և ավանդական խոհանոցին։ Օտարերկրյա հյուրերն էլ ներկայացրին իրենց երկրների մշակութային առանձնահատկությունները՝ ազգային կատարումներով։
Հոկտեմբերի 9-ին գիտաժողովն ամփոփվեց Մատենադարանում կայացած փակման արարողությամբ։ ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Դավիթ Սարգսյանը կառույցի անդամներին պարգևատրեց ՈՒԳԸ բրոնզե մեդալներով։ Գիտաժողովին զեկուցումներով մասնակցած բոլոր հետազոտողները ստացան հավաստագրեր, իսկ ստորաբաժանումների լավագույն զեկուցողները՝ նաև ՈՒԳԸ խորհրդանշական նվերներ։ Հավաստագրեր ստացան նաև գիտաժողովի կազմակերպական աշխատանքներն ապահոված խմբերի անդամները։
ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 12-րդ գիտաժողովը հարթակ դարձավ հայ և օտարերկրյա երիտասարդ հետազոտողների գիտական հաղորդակցության, փորձի փոխանակման և միջազգային կապերի ընդլայնման համար։
















