- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն և ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնը սկսում են համատեղ ծրագրեր
Նոյեմբեր 05, 2026 | 10:01
Գործընկերներ
Հասարակություն
Հետազոտություն
ԵՊՀ-ն և ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնը սկսում են համատեղ ծրագրեր
Արհեստական բանականության կիրառման վերաբերյալ վերապատրաստումներ, ազգային անվտանգության հարցերով համատեղ հետազոտություններ և մասնագետների պատրաստում. Երևանի պետական համալսարանն ու ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնը ստորագրել են համագործակցության հուշագիր: Համագործակցության նպատակն է ԵՊՀ գիտակրթական ներուժը ներգրավել ազգային անվտանգության ոլորտի հետազոտություններում և մասնագետների պատրաստման ու վերապատրաստման աշխատանքներում։
Հուշագիրը ստորագրել են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի պետ, գնդապետ Տիգրան Դավիթավյանը։
Համագործակցության առանցքային ուղղությունները
5 տարի ժամկետով կնքված հուշագրով նախատեսվում են ազգային անվտանգությանն առնչվող նյութերի վերլուծություն, թեմատիկ լսումների, սեմինարների ու աշխատանքային քննարկումների կազմակերպում, ինչպես նաև անվտանգային հետազոտությունների համատեղ մշակում և մասնագիտական գրականության փոխանակում: ԵՊՀ գիտաշխատողները դասախոսություններ կանցկացնեն կենտրոնում, իսկ կենտրոնի մասնագետները՝ ԵՊՀ-ում։
Բացի դրանից՝ ԵՊՀ-ն մեթոդական աջակցություն ցույց կտա կենտրոնի աշխատակիցներին դոկտորանտուրայի ընդունելության, ատենախոսությունների մշակման ու պաշտպանության ընթացքում։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև աջակցություն ՀՀ ԱԱԾ մարմինները բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրելուն։
Վերապատրաստումներ արհեստական բանականության ոլորտում
Համագործակցության կարևորագույն բաղադրիչներից է ժամանակակից տեխնոլոգիական միտումների յուրացումը: ԵՊՀ առաջատար մասնագետները ՀՀ ԱԱԾ աշխատակիցների համար կանցկացնեն վերապատրաստման հատուկ դասընթացներ՝ նվիրված զարգացող տեխնոլոգիաներին, մասնավորապես՝ արհեստական բանականության (AI) կիրառմանն ու հնարավորություններին:
Նախատեսվող աշխատանքներն ուղղված են ազգային անվտանգության ոլորտում գիտակրթական համագործակցության ընդլայնմանը և աշխատակիցների մասնագիտական գիտելիքների ու հմտությունների զարգացմանը։









