- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում էր Պաղեստինի արտաքին գործերի և էմիգրանտների պետնախարար Վարսեն Աղաբեկյանը
Մայիս 26, 2025 | 14:53
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում էր Պաղեստինի արտաքին գործերի և էմիգրանտների պետնախարար Վարսեն Աղաբեկյանը
Երևանի պետական համալսարան էր այցելել Պաղեստինի արտաքին գործերի և էմիգրանտների պետնախարար, անվանի պատմաբան Վարսեն Աղաբեկյանը՝ ուղենշելու կողմերի միջև կրթագիտական համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև ամրապնդելու մշակութային կապերը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց համալսարանի գործունեությունը, կրթական ծրագրերը՝ ընդգծելով համալսարանի պատրաստակամությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ և ստեղծելու հարթակներ երկխոսության և գիտական համագործակցության համար։
Վարսեն Աղաբեկյանը բարձր գնահատեց Երևանի պետական համալսարանի գիտական ներուժը և կրթական համբավը։ Խոսելով երկու երկրների միջև միջբուհական համագործակցության ամրապնդման մասին՝ նա նշեց, որ փոխանակման ծրագրերը կարևոր դերակատարում ունեն գիտելիքի և փորձի փոխանակման գործում։
Խոսելով կրթական ծրագրերի մանրամասների և հնարավորությունների մասին՝ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ այս պահին համալսարանում սովորում է Պաղեստինից մեկ ուսանող։ Նա նաև ընդգծեց, որ Պաղեստինի բուհերի ուսանողները հնարավորություն ունեն դիմելու «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մագիստրոսական կրթական ծրագրին և առցանց ձևաչափով մասնակցելու դասընթացներին, որոնք ամբողջությամբ անցկացվում են անգլերենով։
Հանդիպման ընթացքում կողմերը հույս հայտնեցին, որ մոտ ապագայում ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները կվերածվեն ծրագրերի ու նախաձեռնությունների, իսկ համագործակցությունը կշարունակվի նոր հաջողությունների փոխգործակցության ուղով։
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության երրորդ քարտուղար Արա Մաթևոսյանը։