- Գլխավոր
- Նորություններ
- Միավորելով ուսանողներին և ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններին․ «IAM Industry Day» էքսպոն՝ ԵՊՀ-ում
Հոկտեմբեր 21, 2025 | 15:41
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
Միավորելով ուսանողներին և ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններին․ «IAM Industry Day» էքսպոն՝ ԵՊՀ-ում
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեց ամենամյա «IAM Industry Day» էքսպոն։ Այս միջոցառումը, որն արդեն դարձել է ավանդական, նպատակ ունի ՏՏ ոլորտի ընկերությունների և ԵՊՀ ուսանողների միջև ստեղծելու համագործակցության արդյունավետ հարթակ՝ խթանելով գործնական կապերի ձևավորումն ու կարիերայի զարգացման հնարավորությունները։

«IAM Industry Day»-ը հնարավորություն է, որտեղ ուսանողները կարողանում են անմիջականորեն շփվել տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ, տեղեկանալ աշխատանքային և փորձնակային ծրագրերի մասին, ինչպես նաև հասկանալ՝ ինչպիսի հմտություններ են այսօր պահանջված աշխատաշուկայում։ Միևնույն ժամանակ, կազմակերպությունները ստանում են հնարավորություն բացահայտելու նոր գաղափարներով, ստեղծարար մոտեցումներով և գիտելիքով զինված երիտասարդ մասնագետների։

Տարբեր ընկերություններ միջոցառմանը մասնակցեցին ցուցահանդեսային տաղավարներով՝ ներկայացնելով իրենց գործունեության հիմնական ուղղությունները, նոր նախագծերը և ուսանողների համար նախատեսված կրթական ու փորձնակային հնարավորությունները։ ՏՏ ոլորտի մի շարք հեղինակավոր կազմակերպություններ խոսեցին նաև ոլորտի զարգացման վերջին միտումների, նորարարական լուծումների և մասնագիտական աճի ուղիների մասին։
Բացի ցուցահանդեսից՝ միջոցառման շրջանակում կազմակերպվեցին մասնագիտական քննարկումներ, որտեղ ուսանողները հարցեր ուղղեցին մասնագետներին, լսեցին նրանց խորհուրդներն ու արտահայտեցին սեփական տեսակետներ։ Ուսանողները ընկերությունների ներկայացուցիչների հետ հնարավորություն ունեցան ավելի անմիջական մթնոլորտում փոխանակելու գաղափարներ, ձևավորելու արժեքավոր կապեր և քննարկելու ապագա համագործակցության հնարավորություններ։

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Հրաչ Խալաթյանը նշեց, որ միջոցառման նպատակն է ուսանողներին չսահմանափակել միայն ակադեմիական միջավայրում և կապեր ստեղծել ոլորտի գործնական իրականության հետ․ «Այս միջոցառումը կազմակերպում ենք արդեն չորրորդ տարին անընդմեջ։ Մեր նպատակն է, որ ուսանողները ոչ միայն ստանան տեսական գիտելիքներ, այլև հնարավորություն ունենան շփվելու ոլորտի առաջատար ընկերությունների հետ՝ հասկանալու, թե ինչ պահանջներ են առաջադրվում մասնագետներին, և ինչ հնարավորություններ կարող են առաջարկել այդ ընկերությունները։
Այս տարի միջոցառման մասշտաբը զգալիորեն մեծ էր. ներկայացված էին ավելի շատ ընկերություններ, իսկ այցելուների թիվը գերազանցեց 700-ը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ։ Մենք նաև համագործակցում ենք Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի հետ, որի դասախոսները ոլորտում արդեն կայացած երիտասարդ մասնագետներ են, ակտիվ աջակցում են կապերի ստեղծմանը և համագործակցությունների ձևավորմանը»։
Ֆակուլտետի ՈՒԽ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Նունե Հարոյանը ընդգծեց միջոցառման փոխադարձ արդյունավետությունը.

«Ընկերությունների արձագանքը և մասնակցության ցուցանիշները շատ դրական են։ Նրանք նույնպես հետաքրքրված են նոր մասնագետներ գտնելու և երիտասարդների հետ համագործակցելու հնարավորություններով։ Այս տարի մեզ հետ համագործակցել են 9 ընկերություններ, այդ թվում՝ կրթական կենտրոններ, ՏՏ ընկերություններ, որոնք առաջարկում են աշխատանքային հաստիքներ, դասընթացներ և պրակտիկ ծրագրեր։ Բացի ԵՊՀ ուսանողներից՝ ներկա էին նաև ՏՏ ոլորտով հետաքրքրված աշակերտներ տարբեր քոլեջներից և դպրոցներից, ինչը միջոցառմանը հաղորդեց է՛լ ավելի լայն ընդգրկում»։
Միջոցառման կազմակերպիչները շեշտեցին, որ «IAM Industry Day»-ը ոչ միայն նպաստում է համալսարան-արդյունաբերություն համագործակցության խորացմանը, այլև ուսանողներին հնարավորություն է ընձեռում հասկանալու իրենց մասնագիտական ուղին և վստահորեն մտնելու ոլորտ։