- Գլխավոր
- Նորություններ
- Գիտելիքը գործի վերածելու ճանապարհը․ ուսանողական նախաձեռնություն ԵՊՀ-ում
Հոկտեմբեր 31, 2025 | 12:10
      
      Կրթություն
              Մրցույթներ
              Ուսանողական
          Գիտելիքը գործի վերածելու ճանապարհը․ ուսանողական նախաձեռնություն ԵՊՀ-ում
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված «Կրթություն և կարիերա» ուսանողական նախաձեռնությունների մրցույթի հաղթող Սյուզաննա Պետրոսյանը ներկայում ղեկավարում է «Գիտելիքդ ի գործ» ծրագիրը։ Այս նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵՊՀ ուսանողներին տեսական գիտելիքները գործնական փորձի վերածելու և ձեռք բերելու այն հմտությունները, որոնք պահանջում է ժամանակակից և հատկապես միջազգային աշխատաշուկան։
 
Սյուզաննան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է, սակայն արդեն հասցրել է անցնել մասնագիտական ճանապարհ՝ իրավական ոլորտում առաջին քայլերը որպես պրակտիկանտ սկսելով դատարանից։
«Ճանապարհս ամենադժվար կետից եմ սկսել՝ դատարանից։ Բայց եթե ուզում ես իրավական խոր գիտելիքներ ձեռք բերել, սա լավագույն տարբերակն է։ Այստեղ ամեն օրը մարտահրավեր է, բայց հենց դա է աճի գրավականը»,- ասում է Սյուզաննան՝ ժպիտով հիշելով իր առաջին փորձառությունները։
Նրա խոսքով՝ ուսումն ու աշխատանքը համատեղելը հեշտ չէ, բայց երբ ունես հստակ նպատակ և հավատ, դժվարությունները պարզապես դառնում են քայլեր դեպի հաջողություն։
 
«Երբ գիտես, թե որտեղ ես ուզում հասնել, նույնիսկ ամենածանր օրերը դառնում են գոհացուցիչ։ Քո ջանքերը կուտակվում են, և մի օր սկսում ես տեսնել արդյունքը»,- նշում է նա։
«Գիտելիքդ ի գործ» ծրագիրը կառուցված է մի քանի փուլով. նախ՝ անցկացվում են հմտությունների զարգացման դասընթացներ, ապա՝ բիզնես անգլերենի դասեր, որոնք ուսանողներին նախապատրաստում են նաև միջազգային շուկայի մարտահրավերներին։ Այնուհետև ԵՊՀ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ մասնակիցները անցնում են մասնագիտական պրակտիկա, որտեղ սովորում են կիրառել իրենց գիտելիքները իրական աշխատանքային միջավայրում։
Սյուզաննան ընդգծում է, որ ծրագրի հիմնական գաղափարն այն է, որ ուսանողները սկսեն պրակտիկա անցնել ավելի վաղ՝ մինչև համալսարանի ավարտական փուլը. «Երբ մենք ավարտում ենք համալսարանը, գործատուներին արդեն պետք են պատրաստ մասնագետներ։ Եթե մենք փորձ ձեռք բերենք ուսման ընթացքում, ապա աշխատանք գտնելը դառնում է ոչ թե խնդիր, այլ բնական շարունակություն»։
 
Այս պահին ծրագրին մասնակցում են ԵՊՀ ավելի քան 20 ուսանողներ Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Սոցիոլոգիայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներից, ինչպես նաև Ֆիզիկայի ինստիտուտից։ Նրանց թվում կան ինչպես արդեն աշխատող երիտասարդներ, այնպես էլ նրանք, ովքեր նոր են փորձում իրենց ուժերը։
«Ինքնավստահություն և սեփական ուժերի ճանաչում», «Թվային գործիքներ և ժամանակակից հմտություններ» թեմաներով առաջին երկու դասընթացներն արդեն կայացել են։ Առջևում նոր հանդիպումներ ու պայմանավորվածություններն են, և թիմը չի սահմանափակվում ծրագրի միայն ներկայիս մասնակիցներով։
«Նախատեսում ենք ապագայում կազմակերպել բաց սեմինարներ, որպեսզի ծրագրի շրջանակներից դուրս ուսանողներն էլ օգտվեն այս հնարավորություններից»,- ասում է Սյուզաննան։
 
Համոզված լինելով, որ ժամանակակից գործատուն այլևս չի նայում դիպլոմի գույնին կամ գնահատականներին, ընդգծում է․ «Այսօր կարևոր է ոչ թե այն, թե ինչ ես սովորել, այլ այն, թե ինչպես ես կիրառում սովորածդ գործնականում։ Գործատուն գնահատում է թիմային աշխատանքը, նախաձեռնողականությունը և գործնական մտածողությունը։ Եվ հենց այս հմտություններն է զարգացնում մեր ծրագիրը»։
Նախաձեռնությունն արդեն ունի իր ինստագրամյան էջը, որտեղ ուսանողները կարող են գրանցվել և հետևել նորություններին։ Մասնակիցների մի մասը հենց սոցիալական հարթակների միջոցով է միացել, մյուսներին ԵՊՀ կարիերայի և շրջանավարտների կենտրոնն է ներգրավել՝ ուղարկելով պաշտոնական հրավերներ։
Սյուզաննան վստահ է՝ ԵՊՀ-ն շարունակում է մնալ այն բուհը, որը ոչ միայն գիտելիք է տալիս, այլև կապում է ուսանողին իր ընտրած մասնագիտության գործնական միջավայրին․ «ԵՊՀ-ն անում է ամեն ինչ, որպեսզի ուսանողները լինեն աշխատաշուկայում պահանջված մասնագետներ։ Մենք մեր գիտելիքները պետք է դարձնենք գործիք՝ մեր ապագան ձևավորելու համար»։
 
          