- Գլխավոր
- Նորություններ
- «Կրթությունը ձևավորում է սովորելու սեփական ալգորիթմ»․ ԵՊՀ ուսանող Գայանե Մարգարյան
Նոյեմբեր 03, 2025 | 11:30
Կրթություն
Ուսանողական
«Կրթությունը ձևավորում է սովորելու սեփական ալգորիթմ»․ ԵՊՀ ուսանող Գայանե Մարգարյան
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Գայանե Մարգարյանը մեկ կիսամյակ ուսանել է Լյուդվիգսհաֆենի բիզնեսի և հասարակության համալսարանում (Գերմանիա)՝ զարգացնելով իր գիտելիքները և կատարելագործելով հմտությունները։ Նա համոզված է, որ նման փորձառությունը յուրահատուկ և անփոխարինելի է, քանի որ որոշ կարևոր հմտություններ հնարավոր է ձեռք բերել միայն նման միջազգային ու նորարարական կրթական միջավայրում։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի չորրորդ կուրսի ուսանող Գայանեի կարծիքով՝ արտերկրում կրթությունը շարունակելու հնարավորությունը պայմանավորված է նախևառաջ իր բարձր առաջադիմությամբ, օտար լեզվի լավ իմացությամբ, ակտիվությամբ և ամենակարևորը՝ համառությամբ։
«Չեմ չափազանցի, եթե ասեմ, որ այդ կարճ, սակայն արդյունավետ ժամանակահատվածը իմ կյանքի ամենակարևոր փուլերից էր։ Այն ինձ տվեց զարգացման եզակի հնարավորություն»,- ընդգծում է նա։
Գայանեն ուսանել է «Business Administration» բաժնում՝ մասնավորապես հետաքրքրվելով մարքեթինգին վերաբերող առարկաներով։ Նրա ուշադրությունն առանձնապես գրավել է այս ոլորտին բնորոշ համակարգային և գիտական մոտեցումը, ինչպես նաև թեմաների փոխկապակցված լինելը։
«Համալսարանի միջավայրը բազմամշակութային էր․ միջազգային ուսանողների խմբում կային շատ ուսանողներ Ճապոնիայից, Հարավային Կորեայից, ինչպես նաև Չինաստանից, Թայվանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Մեքսիկայից, Մոլդովայից, Ռումինիայից, Վրաստանից։ Նշեմ, որ գերմանացիները, անկախ կարծրատիպերից, շատ բարեսիրտ են։ Ինձ համար բացահայտում էին ոչ թե երկու ժողովուրդների տարբերությունները, որոնք, անկախ ամեն ինչից, գոյություն ունեն, այլ ավելի շատ՝ նմանությունները։ Զարմանալի էր, թե ինչպես են այդքան տարբեր միջավայրերում մեծացած մարդիկ միմյանց հետ այդքան շուտ մտերմանում»,- ասում է նա։
ԵՊՀ ուսանողը, անդրադառնալով արտերկրի համալսարանի ընձեռած հնարավորություններին և ակադեմիական միջավայրին, նշում է, որ ուսումը կազմակերպվում էր երեք տարբեր շինություններում, որոնցից յուրաքանչյուրում անցկացվում էին դասախոսություններ։ Հիմնական մասնաշենքում էր տեղակայված բաց հասանելիությամբ գրադարանը, որն ուներ թե՛ էլեկտրոնային, թե՛ տպագիր գրքերի խոշոր հավաքածու։ Գրադարանում աշխատելու հնարավորությունից օգտվել է նաև Գայանեն՝ թե՛ դասերին պատրաստվելու, թե՛ ինքնուրույն ընթերցանության համար։
«Լինելով բարձր առաջադիմություն ունեցող ուսանող՝ մշտապես ձգտում եմ համալսարանից ստանալ հնարավորինս շատ գիտելիք։ ԵՊՀ-ում ստացած իմ գիտելիքների շնորհիվ կարողացել եմ լիարժեքորեն մասնակցել օտարերկրյա ուսանողների հետ քննարկումներին, պատասխանել դասախոսների հարցերին և ձևավորել ինքնուրույն տեսակետներ։ Ուսուցման կազմակերպումը, քննական գործընթացից բացի, էականորեն չէր տարբերվում մեր համալսարանից։ Դասերը հիմնականում անցկացվում էին քննարկումների և հարցուպատասխանի ձևաչափով»,- պատմում է նա։
Գայանեի համոզմամբ՝ ուսանողի համար գլխավոր խնդիրն ու նպատակն այն չէ, որ հնարավորինս շատ տեղեկություններ հավաքի, այլ այն, որ հասկանա սովորելու սեփական ոճն ու մեթոդները, մշակի «սովորելու անհատական ալգորիթմներ»։ Այդ ամենը հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում արդյունավետ վերլուծելու մեծածավալ տեղեկություններ։ Ըստ նրա՝ այս հարցում մեծապես օգնում է կրթությունը։
«Ամեն ինչի հիմքում տվյալ ոլորտի «լեզվով» մտածելու ունակության զարգացումն է։ Ինչպես ասում էր դասախոսներիցս մեկը՝ եթե կարողանում ենք օգտվել տվյալ առարկայի գրականությունից, նշանակում է՝ արդեն ամբողջությամբ յուրացրել ենք այդ թեման»,- նշում է Գայանեն։
Նրա հիմնական նպատակը ներկայում տարբեր ոլորտներում փորձառություն ձեռք բերելն է՝ մասնագիտական դաշտում սեփական ուղղությունը հստակեցնելու համար։
«Համալսարանի տված գիտելիքներն ինձ հնարավորություն են տալիս շարունակելու կրթությունս տարբեր ուղղություններով, իսկ այժմ ցանկանում եմ պարզել, թե որն է ինձ առավել հոգեհարազատ։ Նպատակ ունեմ ուսումս շարունակելու 1-2 տարի հետո»,- ամփոփում է ԵՊՀ ուսանողը։