- Գլխավոր
- Նորություններ
- Արտաշես Խուրշուդյանը՝ Լոնդոնի թվային բիզնեսի համալսարանի հեղինակավոր մրցանակաբաշխության մրցանակակիր
Նոյեմբեր 12, 2025 | 12:39
Գիտություն
Կրթություն
Մրցույթներ
Արտաշես Խուրշուդյանը՝ Լոնդոնի թվային բիզնեսի համալսարանի հեղինակավոր մրցանակաբաշխության մրցանակակիր
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի տնօրեն Արտաշես Խուրշուդյանը Լոնդոնի թվային բիզնեսի համալսարանի (LSDB) «Առաջնորդություն, գերազանցություն, առաջընթաց և կրթության շարունակական զարգացում» (LEAP) հեղինակավոր մրցանակաբաշխությանն արժանացել է «Արժեքավոր ներդրում կրթության ոլորտում» («Valuable Contribution to the Education Industry») մրցանակի:
Լոնդոնի թվային բիզնեսի համալսարանի (LSDB) ամենամյա մրցանակաբաշխության «Արժեքավոր ներդրում կրթության ոլորտում» («Valuable Contribution to the Education Industry») մրցանակը տրվում է նրանց, ովքեր, ունենալով ապագայի հստակ տեսլական, կրթության ոլորտում առաջ են մղում նորարարությունը, էլեկտրոնային ուսուցման լուծումները, ապագայի ուսման մոդելները, ինչպես նաև շոշափելի ազդեցություն են ունենում համաշխարհային կրթության ոլորտում նորարարական կրթական մոդելների և արդիական էլեկտրոնային ուսուցման լուծումների ներդրման և զարգացման ուղղությամբ:
Մրցանակը տրվում է ոչ միայն մասնագիտական ձեռքբերումներ գրանցած, այլև կրթության ոլորտում երկարատև ավանդ ունեցող այն գիտնական-հետազոտողներին, ոգեշնչող մանկավարժ-առաջնորդներին, որոնք իրական փոփոխություն են մտցնում ուսուցման ոլորտում։
Ընթացիկ տարվա նոյեմբերի 6-ին Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցած մրցույթին մասնակցել են ավելի քան յոթանասուն երկրներ: Չորս հարյուրից ավելի համալսարանների և կրթական հաստատությունների, ինչպես նաև կրթության տարբեր ոլորտների հինգ հարյուրից ավելի արհեստավարժ մասնագետներ ներկայացրել են իրենց ձեռքբերումները, գաղափարները, նորարարական ուսուցման մեթոդները, թվային նախագծերն ու կրթության ոլորտում ունեցած ձեռքբերումները։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի վարիչ, «Digilearn Studios»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արտաշես Խուրշուդյանն ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ նորարարական կրթության և էլեկտրոնային ուսուցման ոլորտում: 2000-ականների սկզբից ի վեր՝ նա եղել է կրթության ոլորտի թվային փոխակերպման առաջնագծում։
Ա. Խուրշուդյանը, համագործակցելով համալսարանների, բանկերի և տարբեր հաստատությունների հետ, մշակել է թվային ուսուցման ազդեցիկ ծրագրեր։ Նրա փորձը ներառում է կրթության թվայնացում (էլեկտրոնային ուսուցում), հեռաուսուցում, հիբրիդային ուսուցում, խաղայնացված թվային ուսուցում, ինտերակտիվ թվային դասընթացներ և տեսանյութեր, ինչպես նաև ինովացիոն ուսուցման արդիական այլ լուծումների մշակում և կիրարկում:
Հատկանշական է, որ մասնագիտական ձեռքբերում լինելուց զատ՝ այս մրցանակն արժեքավոր քայլ է միջազգային կրթական հարթակներում Երևանի պետական համալսարանը և Հայաստանի Հանրապետությունը նորարարական կրթության և էլեկտրոնային ուսուցման ոլորտներում տեսանելի և ճանաչելի դարձնելու ուղղությամբ:
Ա. Խուրշուդյանի՝ «Առաջնորդություն, գերազանցություն, առաջընթաց և կրթության շարունակական զարգացում» (LEAP) հեղինակավոր մրցանակաբաշխության լուսաբանման շրջանակում տված հարցազրույցը՝ այստեղ: