- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ թիմերը լավագույն արդյունքներով անցան «ICPC» միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլ
Նոյեմբեր 17, 2025 | 14:24
Մրցույթներ
Ուսանողական
ԵՊՀ թիմերը լավագույն արդյունքներով անցան «ICPC» միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլ
Երևանի պետական համալսարանում անցկացված «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի քառորդ եզրափակիչի արդյունքներն արդեն հայտնի են։ ԵՊՀ-ն ներկայացնող թիմերից չորսը գրանցել են տպավորիչ արդյունքներ՝ ապահովելով իրենց տեղը մրցույթի կիսաեզրափակիչ փուլում։
Տեղեկատվական տեխնոլոգիաների և ալգորիթմական մտածողության զարգացմանն ուղղված ամենահեղինակավոր մրցույթներից մեկը՝ «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադան, շարունակում է մնալ աշխարհի լավագույն ուսանողական թիմերի ուշադրության կենտրոնում։ Այս տարի ևս աշխարհի տարբեր երկրներում անցկացվեց միջազգային օլիմպիադայի քառորդ եզրափակիչը։ Հայաստանյան թիմերի շարքում իրենց գիտելիքներով կրկին առանձնացան ԵՊՀ թիմերը, որոնք խնդիրների լուծման ճշգրտությամբ և արագությամբ արձանագրեցին լավագույն արդյունքներ՝ ուղեգիր նվաճելով դեպի կիսաեզրափակիչ փուլ։
«ICPC» ծրագրավորման միջազգային մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչ փուլում ԵՊՀ «6741426» թիմը (թիմի անդամներ՝ Սամվել Անդրեասյան, Համլետ Պետրոսյան, Հակոբ Այվազյան) Հարավային Կովկասի համալսարանների թիմերի շարքում գրանցել է ամենաբարձր ցուցանիշը՝ լուծելով առաջադրված 12 խնդիրներից 8-ը։ ԵՊՀ «The Lion», «Binary Trio» և «Ctrl+Alt+Derive» թիմերը լուծել են 6-ական և 5-ական խնդիրներ։ Այսպիսով, ԵՊՀ-ն կիսաեզրափակիչում հանդես կգա չորս թիմով, որոնք դեկտեմբերին Թբիլիսիում կպայքարեն եզրափակիչ փուլի ուղեգիր ստանալու և մրցապայքարը միջազգային ասպարեզում շարունակելու համար։
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ, ԵՊՀ ծրագրավորման օլիմպիադայի թիմերի մարզիչ Արմեն Անդրեասյանը նշեց, որ մրցույթի քառորդ եզրափակիչ փուլին ԵՊՀ-ն ներկայացել է 11 թիմերով։
«Մրցույթը միաժամանակ տեղի է ունեցել տարբեր երկրներում։ Երբ համեմատում ենք մեր թիմերի գրանցած արդյունքները հարևան երկրների արդյունքների հետ, ակնհայտ է, որ մեր թիմը անգերազանցելի է․ այդքան խնդիր չեն լուծել ո՛չ Վրաստանում, ո՛չ Ադրբեջանում։ Մենք մեծ ակնկալիքներ ունենք, որ մեր թիմերը կկարողանան հաջողությամբ հաղթահարել նաև հաջորդ փուլը՝ ապահովելով իրենց տեղը մրցույթի եզրափակիչում՝ ԵՊՀ-ն ներկայացնելով միջազգային ասպարեզում»,- ընդգծեց նա։
Նշենք նաև, որ «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի՝ Հայաստանի քառորդ եզրափակիչ փուլին մասնակցում էին ինչպես մրցութային, այնպես էլ արտամրցութային թիմեր տարբեր համալսարաններից և դպրոցներից:


