- Գլխավոր
- Նորություններ
- Մեկ ծրագիր, բազմաթիվ հնարավորություններ․ ԵՊՀ ասպիրանտի միջազգային կրթական փորձառությունը Իտալիայում
Դեկտեմբեր 03, 2025 | 11:32
Կրթություն
Ուսանողական
Մեկ ծրագիր, բազմաթիվ հնարավորություններ․ ԵՊՀ ասպիրանտի միջազգային կրթական փորձառությունը Իտալիայում
Ինչպե՞ս «Էրազմուս+» ծրագիրը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ Նելլի Եսայանի համար ձևավորեց նոր մտածողություն, լեզվամշակութային նոր տեսլական և հետազոտողի զարգացման ու կատարելագործման ուղիներ։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ Նելլի Եսայանը «Էրազմուս+» ծրագրով մեկնել էր Իտալիա՝ իր հետ «տանելով» ոչ միայն հետազոտական հետաքրքրություններ, այլև ակնկալիք՝ նոր գիտական աշխարհ տեսնելու։ Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանը այդ ակնկալիքը վերածեց դինամիկ փորձի, որը նրան օգնեց ձևավորվել որպես նորարար մտածողությամբ հետազոտող։
Վենետիկի անսահման ռեսուրսներով հարուստ գիտական միջավայրը
Կա Ֆոսկարի համալսարանը Նելլիի համար դարձավ յուրահատուկ գիտական միջավայր․ վաղ առավոտից մինչև ուշ երեկո բաց գրադարանները, անսահմանափակ գրականությունը, լայնածավալ հանրագիտարանային ռեսուրսները նրան գրավում էին և ոգևորում՝ հետազոտելու, ուսումնասիրելու հետաքրքրող թեմաները։
«Ինձ համար հատկապես կարևոր էր գիտական գրականության բաց հասանելիությունը։ Այնտեղ հնարավորություն ունեինք վերցնելու այնքան նյութ, որքան սիրտներս ուզի՝ առանց ժամկետների ու խիստ սահմանափակումների»,- պատմում է նա։
ԵՊՀ ասպիրանտին ոչ միայն դասընթացներն ու գիտական գրականության աղբյուրները, այլև տեղի մասնագետների հետ ծանոթություններն ու շփումը հնարավորություն տվեցին առավել խորությամբ և գիտական լայն հորիզոնով շարունակելու ուսումնասիրությունը՝ նպաստելով թե՛ հետազոտական որակի բարձրացմանը, թե՛ մասնագիտական աճին։
Լեզուների խաչմերուկում
Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի ասպիրանտին առավելապես հետաքրքրել է պատմահամեմատական լեզվաբանությունը, հատկապես՝ հայոց լեզվի բառապաշարի վերաբերյալ կատարվող պատմահամեմատական ուսումնասիրությունները։ Կա Ֆոսկարի համալսարանում նա հասցրել է մասնակցել իտալերենի, լատիներենի և մի քանի այլ լեզվաբանական դասընթացների, որոնք նրա հետաքրքրության շրջանակում էին և որոնց վերաբերյալ շատ ավելի ընդհանրական ու մասնակի գաղափար ուներ։
«Օտարալեզու հանրագիտարանների լայնածավալ նյութը, ինչպես նաև տարբեր գիտաժողովների շրջանակում դասախոսների ու հարակից ոլորտների մասնագետների հետ քննարկումները բավական արդյունավետ և ուղղորդիչ էին ուսումնասիրության հետագա ընթացքի ու հետազոտական հմտությունների յուրացման առումներով»,- ասում է Նելլին։
Ասպիրանտը առանձնահատուկ ոգևորությամբ է հիշում նաև Կա Ֆոսկարիում անցկացրած հայերենի դասերը, որոնց ընթացքում նա առաջին անգամ հնարավորություն ունեցավ հայերեն ուսուցանելու իտալացի ուսանողներին։ Այդ փորձը ոչ միայն մասնագիտական առաջընթաց էր, այլև կարևոր հմտություն՝ աշխատելու այլ լեզվակիրների հետ, ձևավորելու դասավանդման արդյունավետ մոտեցումներ։
Պատմելով իր հաջողությունների մասին՝ Նելլին նշում է․ «Վենետիկում կայացած միջազգային գիտաժողովին մասնակցությունս երկրորդ հաջողված փորձն էր՝ հայերենի բառապաշարի վերաբերյալ կատարված հետազոտության արդյունքները միջազգային գիտական հանրությանը ներկայացնելու առումով։ Առաջին փորձն ունեցել եմ 2024 թվականին Հունգարիայում՝ Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում, որտեղ ներկայացրել եմ մանածագործության վերաբերյալ բառապաշարի արխայիզմներն ու նորարարությունները Սյունիքի և Արցախի բարբառներում»։
Անխոչընդոտ Իտալիան
Չնայած ընդունված պատկերացմանը, այն է՝ նոր միջավայրին հարմարվելը դժվար է, Նելլին չի հիշում լուրջ խոչընդոտներ։ Նրա խոսքով՝ նույնիսկ մշակութային նոր միջավայրին հարմարվելու բնական և բոլորին հայտնի դժվարությունները գրեթե չի զգացել։
Մեկ էջ, մեկ պատմություն
«Կան հիշարժան և տպավորիչ մի քանի իրադարձություններ, որոնք, կարծում եմ, հավերժ կհիշեմ։ Դրանցից մեկը առաջին անգամ Սուրբ Ղազար կղզու եկեղեցում՝ Մխիթարյանների հայտնի օրրանում, Սուրբ Զատկի տոնին մասնակցելն էր։ Կղզու հետ կապված ամեն ինչ տպավորիչ և ոգեշնչող է։ Իսկ մյուս տպավորիչ իրադարձությունը այցն էր Ֆլորենցիայի թանգարաններ, որտեղ բախտ ունեցա վայելելու մշակութային ժառանգության բոլոր այն գոհարները, որոնք տեսել էի համացանցով և որոնց մասին միայն կարդացել էի գրքերում»,- հիշում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտը։
ԵՊՀ-ն՝ որպես միջազգային շրջագայության մեկնակետ
Նելլին կարևորում է ԵՊՀ համագործակցային ընդարձակ հարթակը, որը մեծ հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչպես են աշխատում եվրոպական առաջատար համալսարանները։ Կրթության մեջ նա առաջնահերթ է համարում ճիշտ մեթոդաբանությունը, որը, ըստ նրա, կրթությունը դարձնում է ոչ թե պարտադրանք, այլ ցանկալի ճանապարհ։
«Ինձ համար հատկապես կարևոր են գիտելիքի փոխանցման և հմտություններ ձեռք բերելու ձևերն ու մեթոդները։ Կարծում եմ՝ կրթությունը չպետք է դառնա պարտավորություն, առավել ևս՝ հարկադրանք՝ ոչ ճիշտ ընտրված մեթոդների ու միջոցների պատճառով։ Ընդհակառակը, միայն տվյալ ժամանակին, ոլորտին ու միջավայրին համարժեք ու ճիշտ մեթոդների հիման վրա կառուցված կրթությունը կարող է արդյունավետ լինել և ծառայել անձնական ու համընդհանուր նպատակների։ ԵՊՀ-ն աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ գործակցությամբ մեծ հնարավորություններ է ստեղծում իմ և բոլոր այն ուսանողների համար, որոնք ցանկանում են ծանոթանալ իրենց մասնագիտական ոլորտի առաջատար համալսարանների միջազգային փորձին ու հնարավորություններին»,- ընդգծում է Նելլին։
Աշխատանք և ապագայի տեսլական
Ասպիրանտուրայում ուսանելու ընթացքում Նելլիին առավել ոգեշնչում է որոնելու, հայտնաբերելու ու բացահայտածը գիտական հանրությանը ներկայացնելու գործընթացը՝ այն հեռանկարով, որ ապագայում կարողանա թեկուզ չնչին, բայց արժեքավոր ներդրում ունենալ հայերենի վերաբերյալ ակադեմիական ուսումնասիրություններում։
«Ներկայում կատարում եմ լեզվաբանական և մշակութային միջառարկայական ուսումնասիրություն հայերենի որոշակի իմաստային խումբ ընդգրկող բառամթերքի վերաբերյալ։ Տվյալ դեպքում հայերենի «եղեգ» և «ոսկոր» հասկացությունների շուրջ հավաքված բառամթերքի զարգացումը հայերենում և հատկապես հայերենի բարբառներում՝ հնդեվրոպական ու ոչ հնդեվրոպական լեզուների պատմահամեմատական ու տիպաբանական զուգահեռներով»,- ասում է Նելլին և հավելում, որ ներկայում աշխատում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025»-ի շրջանակում՝ որպես ԵՊՀ կրտսեր գիտաշխատող։ Նրա խոսքով՝ այս աշխատանքը լիովին համապատասխանում է իր մասնագիտական ուղղվածությանը և ոլորտային հետաքրքրություններին։
Ուսանողը նպատակ ունի բարեհաջող պաշտպանելու թեկնածուական ատենախոսությունը և շարունակելու հետազոտական գործունեությունը՝ մասնագիտական ոլորտում շարունակաբար կատարելագործվելու հեռանկարով։