- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում պարգևատրվեցին «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները
Փետրվար 20, 2026 | 13:04
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
ԵՊՀ-ում պարգևատրվեցին «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը բրոնզե մեդալով պարգևատրեց ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2025 թվականի մրցույթի («Լավագույն ուսանող») արդյունքներով ԵՊՀ հաղթողներին՝ Կենսաբանության ֆակուլտետի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Սոնա Սարգսյանին (առաջին տեղ) և Հայ բանասիրության ֆակուլտետի «Հայ գրականություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Անի Թադևոսյանին (երկրորդ տեղ)։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով ուսումնական գործընթացում նմանօրինակ ձեռքբերումների նշանակությունը, շնորհավորեց ուսանողներին և ընդգծեց, որ այդ ձեռքբերումները կնպաստեն նրանց՝ ապագայում ԵՊՀ գիտնականների շարքերը համալրելուն:
«Անչափ ուրախալի է ԵՊՀ ուսանողների հաջողություններն արձանագրելը, ինչը վկայում է կրթական ծրագրերի, ակադեմիական միջավայրի շարունակական արդիականացման և համալսարանում տարբեր ուղղություններով իրականացվող ծրագրերի արդյունավետությունը»,- ասաց ռեկտորը։
ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, իր հերթին շնորհավորելով ուսանողներին, հույս հայտնեց, որ հաջորդ տարի մրցույթը կանցկացվի նորացված կարգով, ինչը կնպաստի ուսանողների շրջանում մրցույթի հանդեպ հետաքրքրության աճին՝ ապահովելով ավելի բարձր ներգրավվածություն:
«Մեր ուսանողները, յուրաքանչյուր տարի մասնակցելով մրցույթին, մշտապես հաղթողի կարգավիճակում են, և դա օրինաչափ է․ ԵՊՀ ուսանողները միշտ բարձր են պահում համալսարանի պատիվը»,- նշեց պրոռեկտորը:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը, կարևորելով ձեռքբերումը, ընդգծեց. «Փաստը բավականին ուրախալի է։ Ոգեշնչող է նաև, որ մեր ուսանողները համալրելու են երիտասարդ գիտնականների շարքերը։ Անիի դեպքում կարող եմ ասել, որ չափազանց հետևողական, նպատակասլաց ուսանող է՝ գերազանց առաջադիմությամբ։ Հույս ունեմ, որ նույն նպատակասլացությամբ առաջիկայում ևս նա կշարունակի իր աշխատանքները»։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանն էլ շեշտեց նման ուսանողների դերը համալսարանում:
«Սոնան իսկապես խոստումնալից ուսանող է։ Եթե որոշի շարունակել իր ընտրած ուղին, բավականին առաջ կգնա։ Նա ընդգրկված է դրամաշնորհային տարբեր ծրագրերում և մագիստրատուրայում սովորելու ընթացքում հնարավորություն կունենա աշխատելու որպես ավագ լաբորանտ»,- ասաց նա։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Անի Թադևոսյանը մատնանշեց. «Սա մեծ պատիվ է ինձ համար։ Գուցե շատերն են ասել, բայց չեմ զլանա կրկնել, որ մայր բուհը իսկապես արժեք է։ Սովորելու տարիներին այն ինձ տվել է գիտելիք, կապեր, եղել է ինքնակատարելագործման անփոխարինելի վայր»։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Սոնա Սարգսյանը հավելեց. «Համալսարանը մեզ սովորեցրել է ընկալել, ըմբռնել և սովորեցնել։ Այս հմտությունները հետագայում շատ պետք կգան մեզ կյանքի բոլոր ոլորտներում»։




