- Գլխավոր
- Նորություններ
- Նոր հասցե՝ կրթական կարևոր նպատակի համար
Ապրիլ 29, 2026 | 10:30
Կրթություն
Ուսանողական
Նոր հասցե՝ կրթական կարևոր նպատակի համար
«Արդեն երկու ամիս է՝ Չեխիայում եմ։ Մնալու եմ մինչև ակադեմիական կիսամյակի ավարտ»,- մեզ հետ զրույցում նշում է Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի ասպիրանտ Արևիկ Խամոյանը, որը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում ուսանում է արտերկրում։ Կյանքի այս փուլը նրա համար ոչ միայն ակադեմիական հաջողություն է, այլև ինքնաճանաչման և ինքնիրացման մեծ ճանապարհ։ Նոր մարդիկ, նոր մշակույթ, նոր արժեքներ, որոնք կոտրում են ներքին կարծրատիպերը, ձևավորում առավել լայն մտահորիզոն։ Իր կրթական ճամփորդության մասին պատմում է հենց Արևիկը։
Բարձր առաջադիմությունը, իհարկե, կարևոր նախապայման էր, որ հնարավորություն տվեց դիմելու ծրագրին, անցնելու նախընտրական և ընտրական փուլերով, սակայն ինձ համար հիմնական շարժառիթն ավելի շատ ներքին պահանջն էր։
Ծրագրին մասնակցելու հնարավորությունը ստացա այն ժամանակ, երբ զգում էի, որ կարիք ունեմ դուրս գալու հարմարավետության գոտուց, կտրվելու այն ամենից, ինչ ծանոթ է, հարազատ, բայց ինչ-որ առումով չի բավականացնում։
Ոչ պակաս կարևոր շարժառիթ էր այն, որ ուսումնասիրելով Պալացկու համալսարանը՝ բացահայտեցի, որ այնտեղ թվային հաղորդակցության գիտական հետազոտության մեծ փորձ ունեն։ Քանի որ այս փուլում ուսումնասիրում եմ ժամանակակից հայերենը՝ որպես թվային գովազդի լեզու, և ապագայում նախատեսում եմ ավելի խորանալ թվային հաղորդակցության գիտական ուսումնասիրության մեջ, չդիմելը կնշանակեր բաց թողնել ընձեռված հնարավորությունը։
Աշխատում եմ Չարլզի համալսարանում՝ որպես դասախոս, Նշանագիտության միջազգային ինստիտուտի տնօրեն Լյուդմիլա Բեննեթի հետ։ Վերջինս թվային հաղորդակցության ուսումնասիրության մեծ փորձ ունեցող մասնագետ է, որի հետ քննարկումներից ու սեմինարներից փորձում եմ քաղել առավելագույնը։ Եվ նա էլ իր հերթին անում է ամեն ինչ՝ ինձ առավելագույնս օգտակար լինելու համար։ Ծրագիրը հետազոտական է՝ առավելապես ուղղված թեկնածուական ատենախոսության պատրաստմանը։
Նախքան մեկնելը կարծում էի…, բայց իրականում…
Քանի որ սա իմ առաջին հետազոտական ծրագիրն է ոչ հայալեզու ակադեմիական միջավայրում, մտավախություն ունեի՝ գուցե խնդիրներ լինեն գործընթացը սահուն կազմակերպելու գործում։ Այժմ հասկանում եմ, որ վախն օրինաչափ էր, բայց ոչ հիմնավոր. այս ընթացքը տրվում է նաև լեզվամշակույթային պատնեշները հաղթահարելու և որպես հետազոտող կատարելագործվելու համար։
Ամենադժվարն այն էր…, բայց հենց դա էլ դարձավ իմ ուժեղ կողմը
Ամենադժվարը նոր կապեր հաստատելը և ավելի հաճախակի շփումների գնալն էր։ Լինելով ինտրովերտ՝ թե՛ ԵՊՀ-ում, թե՛ աշխատավայրում ինքս ինձ համար ստեղծել եմ առավել հանգիստ և կայուն միջավայր, որտեղ հիմնականում ինքս եմ որոշում շփումների ռիթմը, քանակը, տևողությունը։
Միջազգային ուսումնական գործընթացը, սակայն, պահանջում է առավել իրական և ակտիվ մասնակցություն, ուստի ինչ-որ չափով վերանայել եմ շփման իմ կանոնները, առավել բաց եմ դարձել նոր կապերի համար։
Ուսումն արտերկրում․ սպասելիքներ և իրականություն
Եվրոպական կրթական համակարգը շատ ֆորմալ ու բարդ ընթացակարգերով էի պատկերացնում։ Իրականությունը բոլորովին այլ է. ամեն ինչ ուսանողամետ է, պարզ և հարմարավետ։ Կենցաղային ամենափոքր հարցերից մինչև մասշտաբային ակադեմիական խնդիրներ լուծվում են այնպես, որ ուսանողն իրեն լսված ու կարևոր զգա։ Ակադեմիական և ստեղծագործական ազատությունը դրված են ուսումնական գործընթացի հիմքում։
Մարդիկ արտերկրում․ սպասելիքներ և իրականություն
Միշտ սիրել եմ եվրոպական մշակույթը, ընդունել արժեքները, ուստի ներքուստ, կարելի է ասել, պատրաստ էի այս միջավայրին։ Սակայն մի բան է տեսական պատկերացումը, բոլորովին այլ բան՝ անմիջական շփումը։ Այս ամիսների ընթացքում ապրում եմ Օլոմոուցում, հասցրել եմ լինել նաև Պրահայում, ճանապարհորդել Ավստրիայում։ Ամենուր՝ ինչպես համալսարանում, այնպես էլ դրանից դուրս, հանդիպել եմ նույն պատկերին. մարդիկ բարեհամբույր են, սիրալիր և պատրաստակամ աջակցելու։
Ամենադժվարը․․․
Ի սկզբանե խնդիր ունեի համատեղելու մասնագիտական աշխատանքս, ուսումնական զբաղվածությունը և գիտական հետազոտությունը։ Չեմ ասի, որ հեշտ ստացվեց հավասարակշռության կետ գտնելը, սակայն հիմա վստահաբար գիտեմ նման իրավիճակների «բանալին»՝ ունենալ հստակ սահմանված նպատակ և, իհարկե, ամենօրյա կարգապահություն։
Ոգեշնչման իմ աղբյուրը
Նոր հնարավորությունները, նոր մարդիկ, նոր էմոցիաները... Ոգեշնչման աղբյուրները բազմաթիվ են։ Ոչ պակաս կարևոր են նաև սիրելի մարդկանց աջակցությունը և ոգևորությունը իմ հաջողություններով։
Իմ կյանքի նոր տեմպը
Իմ անունը բավական տարօրինակ է հնչում և՛ անգլերենով, և՛ չեխերենով, ազգանունս՝ առավել ևս։ Բոլոր այն պահերին, երբ զգում եմ՝ չի ստացվում, օգնում եմ թարգմանել, և Արևիկից սահուն անցնում ենք «Sun»-ին։
Իմ ամենօրյա կյանքում, կարելի է ասել, մեծ փոփոխություններ չկան, հատկապես՝ աշխատանքային օրերին։ Ժամանակը կանոնակարգված օգտագործելու խնդիր ունեմ։ Հանգստյան օրերին փորձում եմ որոշակի փոփոխություններ բերել իմ առօրյա՝ ժամանակս անցկացնելով ինձ հետաքրքրող տարբեր զբաղմունքներով, ընկերներիս հետ շփվելով, Օլոմոուցի տեսարժան վայրեր այցելելով։
Կարծում եմ՝ ավելի հաստատակամ և նպատակասլաց եմ դարձել և՛ որպես ուսանող, և՛ որպես հետազոտող։ Այն, ինչ նախկինում անում էի որպես սիրելի զբաղմունք կամ հետաքրքրություն, հիմա ավելի որոշակի տեսք է ստացել՝ որպես նպատակ, հեռանկար, կենսակերպ։
Չմոռացվող պատմություն
Հիշարժան պահերը շատ-շատ են։ Ամենատպավորիչը, թերևս, ԵՊՀ ընկերներիս հետ ճանապարհորդություններն են։ Մի քանի դրվագներ, որ կուզեմ առանձնացնել՝ Վիվալդիի «Չորս եղանակները» Պրահայի տաճարներից մեկում, մայրամուտը Չարլզի կամրջի վրա, Պիկասոյի, Մոնեի, Կլիմտի կտավները Վիեննայի թանգարաններում, Մոցարտի տուն-թանգարան այցելությունը։
Պարզապես զգացողություն ունեմ, որ այդ պահերն ապրելուց հետո չեմ կարող նույն մարդը մնալ։
Ճանապարհ, որը շարունակվում է
Արևիկի պատմությունը միայն մեկ փոխանակման ծրագրի մասին չէ։ Դա ճանապարհ է, որտեղ միահյուսվում են գիտությունը, աշխատանքը և անձնական աճը։ Այսօր նա արդեն ձևավորում է իր տեղը թե՛ ակադեմիական, թե՛ մասնագիտական դաշտում՝ ապագայի համար ունենալով հստակ տեսլական․ դասավանդել, զարգացնել գիտական հետազոտությունը և մնալ թվային հաղորդակցության ոլորտում՝ որպես փորձառու մասնագետ։