- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բոլոր կրթական ծրագրերը միջազգային հավատարմագրում են ստացել 6 տարի ժամկետով. ԵՊՀ ԳԽ հերթական նիստը
Ապրիլ 16, 2026 | 16:24
Գիտություն
Ենթակառուցվածքներ
Կրթական ծրագրեր
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բոլոր կրթական ծրագրերը միջազգային հավատարմագրում են ստացել 6 տարի ժամկետով. ԵՊՀ ԳԽ հերթական նիստը
ԵՊՀ-ում տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում քննարկվեցին օրակարգային և այլ հարցեր, ընդունվեցին գիտական կոչումների շնորհման, ԵՊՀ կանոնակարգային որոշ դրույթների վերանայման վերաբերյալ որոշումներ:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հայտնեց, որ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ողջ անձնակազմի և Որակի ապահովման կենտրոնի նվիրյալ աշխատանքի շնորհիվ գերմանական «ASIIN» միջազգային գործակալությունը 6 տարով հավատարմագրել է ֆակուլտետի բոլոր կրթական ծրագրերը: Ռեկտորը հավելեց, որ այժմ հավատարմագրման գործընթացի փուլում են Արևելագիտության, Իրավագիտության, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների կրթական ծրագրերը:
Օրակարգային հարցերի քննարկումը սկսվեց ԵՊՀ մրցութային հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանի զեկույցով: Նա ներկայացրեց դոցենտի գիտական կոչում հայցող ԵՊՀ դասախոսների անվանացանկը:
Ղեկավարվելով ՀՀ գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգով, ԵՊՀ գիտական խորհրդի աշխատակարգով և ԵՊՀ գիտական խորհրդում կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ԳԽ-ն ընդունեց որոշում, այն է՝ ԵՊՀ ներքոնշյալ աշխատակիցներին շնորհել հայցվող գիտական աստիճանը:
Հ/Հ | ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆ-ՀԱՅՐԱՆՈՒՆ | ՊԱՇՏՈՆ |
1. | Զուրաբյան Անահիտ Սերյոժայի | ԵՊՀ ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ |
2. | Փիլոյան Արտակ Սարգսի | ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի ասիստենտ |
ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի «Բիզնես ինկուբատոր» կառուցվածքային ստորաբաժանման մշակած «MINI MBA» լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը հաստատելու և ՀՀ ԿԳՄՍՆ երաշխավորմանը ներկայացնելու հարցը:
Տեղի ունեցավ ակտիվ քննարկում ծրագրի ուղղվածության և մոդուլի ժամաքանակի վերաբերյալ: Բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:
Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի հունիսի 16-ի թիվ 51-Ն հրամանով հաստատված «Լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի երաշխավորման կարգ»-ի պահանջները, ղեկավարվելով ԵՊՀ կանոնադրությամբ և գիտական խորհրդի աշխատակարգով՝ ԳԽ-ն hաստատեց ԵՊՀ բիզնես ինկուբատորի մշակած «Mini MBA» լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը:
Հաջորդիվ օրակարգային 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ հարցերը ներկայացրեց ԵՊՀ իրավաբանական ծառայության պետ-գլխավոր իրավախորհրդատու Արմեն Թադևոսյանը:
Նախ՝ նա հանդես եկավ ԵՊՀ ներքին կարգապահական կանոններում փոփոխություններ կատարելու մասին զեկույցով:
Որոշվեց նոր խմբագրությամբ շարադրել ԵՊՀ գիտական խորհրդի 2024 թվականի փետրվարի 29-ին հաստատված ներքին կարգապահական կանոնների 30-րդ կետը:
Տեղի ունեցած քննարկման ընթացքում գիտխորհրդի անդամները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին գիտամանկավարժական համակազմի աշխատաժամանակի հաշվարկին, աշխատանքային ռեժիմի առանձնահատկություններին:
Զեկուցողի հաջորդ ելույթը ԵՊՀ մեթոդական խորհրդի աշխատակարգի հաստատմանն ու 2017 թվականի մարտի 30-ին հաստատված ԵՊՀ մեթոդական խորհրդի կանոնակարգը ուժը կորցրած ճանաչելու մասին էր: Ըստ Ա. Թադևոսյանի՝ ԵՊՀ կանոնադրության վերոնշյալ փոփոխությունները պայմանավորված են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով:
ԳԽ-ն որոշեց հաստատել ԵՊՀ մեթոդական խորհրդի աշխատակարգը՝ համաձայն հավելվածի, ուժը կորցրած ճանաչել 2017 թվականի մարտի 30-ին ԳԽ-ի հաստատած մեթոդական խորհրդի կանոնակարգը, սահմանել, որ ԵՊՀ մեթոդական խորհրդի գործող կազմի լիազորությունները դադարեցվում են, և ռեկտորի հրամանով հաստատվում է մեթոդական խորհրդի անվանական նոր կազմը սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
Ա. Թադևոսյանը հաջորդիվ անդրադարձավ ԵՊՀ ակադեմիական միավորի որակի ապահովման և մեթոդական հանձնաժողովի աշխատակարգը հավելվածի համաձայն հաստատելու և 2017 թվականի մարտի 30-ին ԳԽ-ի հաստատած ԵՊՀ ֆակուլտետի մեթոդական խորհրդի կանոնակարգն ու ԵՊՀ ֆակուլտետի գիտական խորհրդի որակի ապահովման մշտական հանձնաժողովի աշխատակարգն ուժը կորցրած ճանաչելու մասին:
Ա. Թադևոսյանը զեկուցեց նաև ԵՊՀ գիտակազմակերպչական խորհրդի աշխատակարգը հաստատելու և 2022 թվականի նոյեմբերի 24-ին հաստատված ԵՊՀ գիտակազմակերպչական խորհրդի կանոնակարգը ուժը կորցրած ճանաչելու մասին:
Վերոգրյալ հարցերի շուրջ ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում ԵՊՀ ԳԽ-ն որոշ վերանայումների պայմանով որոշեց հաստատել տվյալ հարցերը:
Զեկուցողը ԳԽ անդամներին ներկայացրեց ԵՊՀ գիտակազմակերպչական խորհրդի աշխատակարգը հաստատելու և 2022 թվականի նոյեմբերի 24-ին հաստատված գիտակազմակերպչական խորհրդի կանոնակարգն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:
Ղեկավարվելով ԵՊՀ կանոնադրությամբ և ԳԽ աշխատակարգով՝ ԳԽ-ն որոշեց հաստատել օրակարգի վերոնշյալ հարցը ևս:
Հետայդու օրակարգային 7-րդ՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գրահրատարակչական քաղաքականության մեջ փոփոխություն կատարելու և 8-րդ՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գրահրատարակչական խորհրդում քննարկված աշխատությունները հրատարակության երաշխավորելու մասին կետերի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը:
Լսելով զեկուցողի ելույթը և ղեկավարվելով ԵՊՀ կանոնադրությամբ ու գիտական խորհրդի աշխատակարգով՝ ԳԽ-ն որոշեց հաստատել․ ա) ԵՊՀ գրահրատարակչական քաղաքականության մեջ փոփոխություն կատարելու հարցը և բ) հրատարակության երաշխավորել ստորև ներկայացված գրքերը.
ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ | |||
ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆ | ՎԵՐՆԱԳԻՐ | ՏԵՍԱԿ | |
1. | Թամար Հայրապետյան | Բանագիտության հիմունքներ և հայ բանագիտություն | Դասագիրք |
2. | Գայանե Սիմոնյան | Հովհաննես Սարկավագը և իր տոմարական ժողովածուն. «Մեկնութիւն տումարիս հայկազնեայ» | Մենագրություն |
3. | Գայանե Ղուկասյան, Մարինե Բունիաթյան, Մամիկոն Կանոյան | Python ծրագրավորման հիմունքներ | Ուսումնական ձեռնարկ |
4. | Նաիրուհի Ջրբաշյան | Էկոնոմետրիկա, մաս 1, հիմունքներ | Դասագիրք |
5. | Գլխավոր խմբագիր` Գագիկ Ղազինյան | ՀՀ քրեական դատավարություն։ Ընդհանուր դրույթներ և մինչդատական վարույթ | Բուհական դասագիրք |
Հաջորդիվ ռեկտորը ԳԽ-ին ներկայացրեց ԵՊՀ գիտական խորհրդին կից էթիկայի մշտական հանձնաժողովի աշխատակարգում որոշակի փոփոխություններ կատարելու մասին հարցը՝ պայմանավորված հանձնաժողովի գործառույթների հստակեցմամբ:





