- Գլխավոր
- Նորություններ
- Մեկնարկը՝ ԵՊՀ-ից. Մոնիկա Խաչատրյանի կրթական և միջազգային փորձառության ճանապարհը
Օգոստոս 19, 2026 | 12:20
Կրթություն
Ուսանողական
Մեկնարկը՝ ԵՊՀ-ից. Մոնիկա Խաչատրյանի կրթական և միջազգային փորձառության ճանապարհը
«Աճ»․ հենց այս բառով է ԵՊՀ-ում անցկացրած իր ուսանողական տարիները բնութագրում Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի շրջանավարտ Մոնիկա Խաչատրյանը։ Նրա համար համալսարանը միայն մասնագիտական գիտելիքներ ստանալու վայր չէր, այլ միջավայր, որտեղ ձևավորվեցին նրա մտածելակերպը, հետաքրքրություններն ու ապագայի նպատակները։ Նրա ուսանողական հիշողությունները կապված են ոչ միայն դասերի և քննությունների հետ, այլև համալսարանական առօրյայի փոքր, բայց կարևոր դրվագների՝ դասերից հետո երկար զրույցների, քննություններից առաջ լարվածության և հաջողությունից հետո զգացած թեթևության հետ։
«Համալսարանը ինձ տվեց մասնագիտական գիտելիքներ, ինչպես նաև օգնեց դառնալու ավելի ինքնուրույն, պատասխանատու և նպատակասլաց։ Այստեղ սովորեցի աշխատել տարբեր մարդկանց հետ, հաղթահարել դժվարությունները և մշտապես զարգանալ»,- պատմում է Մոնիկան, որը ԵՊՀ-ում ուսանելու տարիներին համատեղել է ուսումը տարբեր կրթական ծրագրերի, մրցույթների և միջազգային հնարավորությունների հետ։ Նա մասնակցել է «Էրազմուս+» ծրագրին, տարբեր օլիմպիադաների ու ցուցահանդեսների՝ յուրաքանչյուր հնարավորությունից փորձելով ստանալ առավելագույնը։
- Մո՛նիկա, ի՞նչն էր Ձեզ համար ամենակարևորը համալսարանական միջավայրում՝ գիտելի՞քը, մարդկանց հետ կապե՞րը, թե՞ ինքներդ Ձեզ գտնելու գործընթացը։
- Ինձ համար ամենակարևորը ինքնազարգացման գործընթացն էր։ Միևնույն ժամանակ, համալսարանական տարիներին և՛ գիտելիքներ ստացա, և՛ կարևոր մարդկանց հանդիպեցի։
- Ուսանողական ճանապարհին ի՞նչ դժվարությունների կամ մարտահրավերների բախվեցիք, և ինչպե՞ս դրանք ազդեցին Ձեր զարգացման վրա։
- Ուսանողական տարիների հիմնական մարտահրավերներից մեկը ժամանակը ճիշտ կառավարելն էր՝ համատեղելով ուսումը, աշխատանքը և տարբեր ծրագրերին մասնակցությունը։ Հատկապես քննաշրջանների ընթացքում երբեմն դժվար էր ամեն ինչ հասցնել և պահպանել հավասարակշռությունը։ Սակայն հենց այդ փորձն ինձ սովորեցրեց ավելի կազմակերպված ու պատասխանատու լինել և ճիշտ բաշխել ժամանակս։
- Եղե՞լ է որևէ դեպք կամ փորձառություն, որը հատկապես փոխել է Ձեր մտածելակերպը։
- Այո՛, եղել են մի քանի փորձառություններ, որոնք ազդել են իմ մտածելակերպի վրա, բայց հատկապես կուզեի առանձնացնել արտերկրում ուսանելու փորձը։ ԱՄՆ-ում, այնուհետև Եվրոպայում սովորելը ինձ ցույց տվեց, թե որքան տարբեր կարող են լինել կրթական համակարգերն ու նույն հարցերի նկատմամբ մարդկանց մոտեցումները։ Հատկապես հիշում եմ այն պահերը, երբ պետք էր արագ հարմարվել նոր միջավայրին, աշխատել տարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց հետ և ինքնուրույն լուծումներ գտնել իրավիճակներում, որոնք նախկինում անծանոթ էին ինձ։ Դա ինձ սովորեցրեց ավելի ճկուն լինել և չվախենալ անորոշությունից։
- Մո՛նիկա, նշում եք, որ արդեն ունեք արտերկրում ուսանելու փորձ։ Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել «Էրազմուս+» ծրագրին, և ի՞նչն էր Ձեզ համար կարևոր այս հնարավորությունից օգտվելու հարցում։
- «Էրազմուս+» ծրագրին մասնակցելու որոշումը բավական բնական քայլ էր ինձ համար։ Քանի որ նախկինում արդեն ունեցել էի միջազգային փորձ՝ թե՛ ԱՄՆ-ում ուսանելու, թե՛ տարբեր կրթական ծրագրերի մասնակցելու, ինձ համար կարևոր էր շարունակել այդ ճանապարհը և ընդլայնել ձեռք բերած փորձը։ Բացի դրանից՝ միշտ հետաքրքրված եմ եղել կրթական տարբեր համակարգերով և մշակույթներով։ «Էրազմուս+»-ը հենց այն հնարավորությունն էր, որը համադրում էր այդ հետաքրքրությունները՝ ուսումը, մշակութային փոխանակումն ու անձնական զարգացումը։
Ծրագրի շրջանակում մեկնել եմ Իսպանիա՝ Ա Կորունա։ Առաջին տպավորություններս շատ դրական էին․ քաղաքը ջերմ ու հանգիստ էր, բայց միաժամանակ՝ աշխույժ։ Հատկապես տպավորվել էի օվկիանոսին մոտ լինելու զգացողությամբ, մարդկանց բաց ու բարեհամբույր վերաբերմունքով և քաղաքի ընդհանուր մթնոլորտով։ Կարելի է ասել՝ միանգամից սիրահարվեցի քաղաքին՝ թե՛ իր բնությամբ, թե՛ կենսակերպով։
Ինձ համար ամենաանսովորն այն էր, թե որքան տարբեր են կյանքի տեմպն ու մարդկանց վերաբերմունքը ժամանակի ու առօրյայի նկատմամբ։ Ինձ հատկապես տպավորեց Իսպանիայում կյանքի ավելի հանգիստ տեմպը․ իմ դիտարկմամբ՝ մարդիկ ավելի քիչ են շտապում և ավելի շատ կարևորում կյանքի որակն ու շփումը, քան պարզապես արագ արդյունքը։ Մշակութային մեկ այլ տարբերություն էլ շփման անմիջականությունն էր։ Մարդիկ հեշտությամբ են զրույց սկսում և, ընդհանուր առմամբ, ավելի բաց ու ընկերական մթնոլորտ է ձևավորվում։
Ես միշտ կարևորել եմ այդ գիտելիքներն ու փորձը Հայաստան վերադարձնելը և դրանք մեր երկրում կիրառելը։ Կարծում եմ՝ միջազգային փորձը առավել մեծ արժեք է ստանում, երբ այն ծառայում է նաև սեփական համայնքի և երկրի զարգացմանը։
Հայաստան վերադառնալուց հետո առավել շատ գնահատեցի Հայաստանում և հատկապես ԵՊՀ-ում ակադեմիական պահանջների հստակությունն ու կանոնակարգվածությունը։ Ուսանողը հստակ գիտի, թե ինչ է ակնկալվում իրենից բարձր արդյունքի հասնելու համար։ Բացի դրանից՝ բարձր եմ գնահատում դասախոսների ներգրավվածությունը։ Նրանք ոչ միայն փոխանցում են գիտելիք, այլև իսկապես հետաքրքրված են ուսանողների առաջընթացով, փորձում են տալ առավելագույնը և հետևում են, որ որևէ կարևոր թեմա կամ բացթողում չմնա։ Այդ հոգատար և աջակցող մոտեցումը վերադարձից հետո հատկապես նկատելի դարձավ ինձ համար։
- Մո՛նիկա, արդեն պաշտպանել եք Ձեր ավարտական աշխատանքը։ Կպատմե՞ք դրա թեմայի մասին։ Ինչո՞վ էր այն հետաքրքիր Ձեզ համար, և ինչպիսի՞ փորձառություն էր աշխատանքի պատրաստման ու պաշտպանության ամբողջ գործընթացը։
- Ավարտական աշխատանքս «Հեշթեգները՝ որպես դիսկուրսի նշիչներ․ Twitter/X հաղորդակցության ուսումնասիրություն» («Hashtags as Discourse Markers: A Study of Twitter/X Communication») թեմայով էր։ Այս թեման ընտրել էի, քանի որ հետաքրքրված էի թվային հաղորդակցության առանձնահատկություններով և այն ձևերով, որոնց միջոցով սոցիալական մեդիան փոխում է մարդկանց հաղորդակցության մշակույթը։ Պաշտպանությունը հաջող անցավ։ Ընդհանուր առմամբ գոհ եմ կատարածս աշխատանքից և այն փորձից, որը ձեռք բերեցի այդ ընթացքում։
- Եթե հնարավորություն ունենայիք նորից ապրելու ուսանողական տարիները, ի՞նչը կանեիք այլ կերպ։
- Անկեղծ ասած՝ շատ բան չէի փոխի։ Գուցե ավելի քիչ անհանգստանայի մանրուքների համար և ավելի շատ վայելեի պահը։ Յուրաքանչյուր փորձ, հաջողություն կամ դժվարություն ինչ-որ բան է սովորեցրել ինձ:
- Այսօր ի՞նչ կասեիք այն Մոնիկային, որը նոր է սկսում իր ուսանողական ճանապարհը։
- Կասեի՝ վայելի՛ր յուրաքանչյուր օրը և փորձի՛ր առավելագույնը քաղել քեզ տրված հնարավորություններից։ Ուսանողական տարիները շատ արագ են անցնում, ուստի կարևոր է ոչ միայն սովորել, այլև ստեղծել հիշողություններ ու օգտվել ճանապարհին հանդիպող հնարավորություններից։
- Եթե այսօր պատկերացնեք Ձեզ մի քանի տարի անց, ինչպիսի՞ մարդ և մասնագետ կցանկանայիք լինել։ Այդ ճանապարհին կրթությունն ի՞նչ դեր ունի Ձեզ համար։
- Մի քանի տարի անց ինձ պատկերացնում եմ որպես մարքեթինգի ոլորտում կայացած մասնագետ, որն ունի միջազգային փորձ և կարողանում է արդյունավետ աշխատել տարբեր միջավայրերում ու թիմերում։ Կցանկանայի լինել նպատակասլաց մարդ, որը բաց է նոր գաղափարների առջև, արագ է հարմարվում փոփոխություններին և իր աշխատանքով կարողանում է իրական արժեք ստեղծել։ Մարքեթինգի ոլորտում իմ աշխատանքային փորձը ինձ տվել է ամուր հիմք՝ հասկանալու ոլորտի գործնական կողմերը։ Իսկ կրթությունն ինձ համար այդ ճանապարհի կարևոր մասն է․ այն ոչ միայն գիտելիք է տալիս, այլև ձևավորում է մտածողություն, ստեղծագործ մոտեցում և լայն աշխարհընկալում։ Հատկապես կարևոր է միջազգային կրթական փորձը, քանի որ այն հնարավորություն է տալիս ծանոթանալու տարբեր շուկաների ու լավագույն փորձին և հետագայում այդ փորձը կիրառելու Հայաստանում։
- Ի՞նչ նպատակներ ունեք։ Կրթությունը շարունակել նախատեսո՞ւմ եք։
- Իհա՛րկե, պատրաստվում եմ շարունակելու կրթությունս։ Մասնակցել եմ CCC («Competitive College Club») ծրագրին, որի շրջանակում գրեթե մեկ տարի ուսումնասիրել եմ ամերիկյան համալսարանների ընդունելության գործընթացն ու կրթական հնարավորությունները։ Եվրոպայում սովորելու փորձից հետո հասկացա, որ և՛ ամերիկյան, և՛ եվրոպական կրթական համակարգերն ինձ հոգեհարազատ են։ Այդ պատճառով դեռ վերջնական որոշում չեմ կայացրել, թե որ ուղղությամբ կշարունակեմ կրթությունս, սակայն ցանկանում եմ այն շարունակել արտերկրում՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ և միջազգային փորձ։
Մոնիկայի կրթական ճանապարհին իրենց ուրույն տեղն ունեն նաև հասարակական ու երիտասարդական նախաձեռնությունները։ Նա «FLEX» ծրագրի շրջանավարտ է, իսկ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո շուրջ մեկ տարի որպես «City Representative» կազմակերպել է միջոցառումներ, անգլերենի խմբակներ և քննարկումներ՝ նպաստելով երիտասարդների զարգացմանն ու համայնքային ներգրավվածությանը։
Արդեն երեք տարի Մոնիկան համագործակցում է «ESN Armenia»-ի հետ՝ աջակցելով Հայաստան ժամանած օտարերկրյա ուսանողներին և օգնելով նրանց ավելի հեշտ հարմարվել ու ինտեգրվել նոր միջավայրին։ Բացի Իսպանիայում ուսումնառությունից՝ նա մասնակցել է նաև «Էրազմուս+» կարճաժամկետ ծրագրի Բուլղարիայում։
Կրթությունը, միջազգային փորձառությունն ու հասարակական ներգրավվածությունը Մոնիկայի համար դարձել են մասնագիտական զարգացման կարևոր հիմք։ Հաջորդ քայլը կրթությունը շարունակելն է՝ նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու և դրանք հետագայում Հայաստանում կիրառելու նպատակով։