ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչները օգոստոսի 22-27-ը մասնակցեցին Եվրոպական կենսաէներգետիկական գիտաժողովին («EBEC-2026»), որը բիոէներգետիկայի ոլորտում աշխարհի առաջատար գիտական հարթակներից է։ Այն համախմբեց շուրջ 400 գիտնականների և հետազոտողների աշխարհի տարբեր երկրներից՝ ստեղծելով արժեքավոր հարթակ գիտական նոր արդյունքների ներկայացման, գաղափարների փոխանակման և միջազգային համագործակցությունների զարգացման համար։
Գիտաժողովին մասնակցեցին ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Կարեն Թռչունյանը, Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աննա Փոլադյանը, Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատողներ Հեղինե Գևորգյանը, Լիանա Վանյանը, Անահիտ Շիրվանյանը, ասպիրանտներ Լիլիթ Գրիգորյանը, Լիանա Անիկյանը և Անուշիկ Բաբայանը:
Արդյունավետ պլենար դասախոսությունների, զեկույցների, ինչպես նաև պոստերային ցուցադրությունների շարքում նաև հնարավորություն ստեղծվեց գիտական արժեքավոր քննարկումների, ինչպես նաև նոր գաղափարների փոխանակման:
ԵՊՀ թիմը ներկայացրեց տարբեր թեմաներ՝ E. coli-ի pH-դիմադրության մեխանիզմներից և ածխածնի օգտագործման ուղիներից մինչև խմորասնկերի բիոէներգետիկան, իոնային հոսքերը և բջջային նյութափոխանակության կարգավորումը։
«EBEC-2026»-ը ԵՊՀ հետազոտողների համար ոչ միայն գիտական կարևոր փորձառություն էր, այլև արժեքավոր հնարավորություն՝ միջազգային հարթակում ներկայացնելու իրենց հետազոտությունները, ամրապնդելու համագործակցությունը, ստեղծելու նոր կապեր, ինչպես նաև նոր գաղափարներով հարստացնելու հետազոտական գործունեությունը:
Գիտաժողովի ծրագրում ներառված էր նաև մշակութային բաղադրիչ, և միջմշակութային հաղորդակցության, թանգարանային այցերի շրջանակում մասնակիցները ստացան նաև սոցիոմշակութային տպավորություններ:
ԵՊՀ հետազոտողները երախտագիտություն հայտնեցին «EBEC- 2026»-ի կազմակերպիչներին, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին, ինչպես նաև բոլոր աջակից կազմակերպություններին՝ հետազոտական գործունեությունն ու միջազգային գիտական համագործակցությունը խթանելու համար։








