ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի մասնաշենքում սույն թվականի սեպտեմբերի 18-ին կայացավ գրքերի նվիրատվությանը նվիրված միջոցառում, որի շրջանակում Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Պիտեր Քաուին և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը գրադարանին նվիրաբերեցին գրքերի նոր հավաքածու:
Գրքերի նվիրատվությունը նախորդ տարի ԵՊՀ hայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացված «Գյուրջիևի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում ձևավորված համագործակցության շարունակությունն էր։
Նվիրաբերված նոր հրատարակությունները համալսարանի գրադարանային ֆոնդի կարևոր համալրումներից են՝ հասանելի ԵՊՀ ուսանողներին, դասախոսներին, հետազոտողներին և ընթերցողներին։
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, համալսարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ավստրալիայից ժամանած հյուրեր և ակադեմիական ու մշակութային շրջանակների ներկայացուցիչներ։
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը ներկաներին ներկայացրեց նվիրաբերված գրականությունը՝ անդրադառնալով գրքերի բովանդակությանը, գիտական արժեքին և համալսարանական կրթության ու հետազոտության համար դրանց նշանակությանը։
Նշվեց, որ համալսարանի գրադարանային ֆոնդի շարունակական համալրումն ու գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ գրականության հասանելիության ընդլայնումը կարևորագույն նշանակություն ունեն ԵՊՀ գիտնականների և ուսանողների համար:






