«Փորձ և ոգեշնչում»
Այս բաժնում ներկայացվում են ֆորումի այն հիմնական ձևաչափերը, որոնք միտված են մասնակիցներին փոխանցելու փորձ, արժեքներ և ոգեշնչում։ Հիմնական բանախոսությունը, հաջողության պատմություններն ու շրջանավարտների բանախոսությունները բացահայտում են ԵՊՀ համայնքի ներուժն ու զարգացման հնարավորությունները։
Հիմնական բանախոսություն
Ֆորումին հիմնական բանախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «ԵՊՀ զարգացման հեռանկարները և շրջանավարտների համայնքը» թեմային։
Շրջանավարտների բանախոսություններ
Շրջանավարտների բանախոսություններ (Alumni Talks) ձևաչափի նպատակն է բացահայտել շրջանավարտի էվոլյուցիան ժամանակակից աշխարհում՝ ցույց տալով, թե ինչպես են ԵՊՀ-ում ձևավորված հիմնարար գիտելիքները, արժեքները, «սովորել սովորելու» մշակույթը և նոր տեխնոլոգիաները միավորվում՝ ձևավորելով նոր տիպի մասնագետ, որը կարողանում է կողմնորոշվել արագ փոփոխվող միջավայրում, հաղթահարել ճգնաժամերը և ձևավորել մասնագիտական ուժեղ համայնք։
Ուսանողական նախաձեռնությունների ցուցադրություն և «ԶրուցԱրագ»․ երկխոսություն ուսանողների և շրջանավարտների միջև
Ֆորումի օրակարգում հատուկ տեղ ունեն նաև այն ձևաչափերը, որոնք միավորում են ուսանողներին ու շրջանավարտներին՝ ստեղծելով անմիջական շփման, փորձի փոխանակման և նոր համագործակցությունների հնարավորություն։
Ուսանողական նախաձեռնությունների ցուցադրություն
ԵՊՀ ուսանողները կներկայացնեն իրենց գաղափարները, նախագծերն ու նախաձեռնությունները՝ ցույց տալով, թե ինչպիսի ստեղծարար, ակտիվ և պատասխանատու միջավայր է ձևավորվում համալսարանում այսօր։
Այս հատվածը հնարավորություն է շրջանավարտների համար ծանոթանալու ուսանողական ներուժին, բացահայտելու համագործակցության հնարավորություններ և, ինչու ոչ, դառնալու նոր նախաձեռնությունների աջակից, գործընկեր կամ մենթոր։
«ԶրուցԱրագ»․ երկխոսություն ուսանողների և շրջանավարտների միջև
«ԶրուցԱրագ»-ը կարճ հանդիպումների ձևաչափ է, որի ընթացքում ուսանողները և շրջանավարտները սահմանված ժամանակում շփվում են միմյանց հետ, փոխանակում գաղափարներ, բացահայտում հետաքրքրությունների ու մասնագիտական կապերի ընդհանրություններ և ստեղծում նոր համագործակցության հնարավորություններ։
Սա պարզապես ծանոթության ձևաչափ չէ․ այն հնարավորություն է ստեղծում ուսանողների համար լսելու մասնագիտական ճանապարհի իրական պատմություններ, իսկ շրջանավարտների համար՝ ավելի մոտիկից տեսնելու ԵՊՀ նոր սերնդի հետաքրքրությունները, գաղափարներն ու սպասումները։
«ԶրուցԱրագ»-ը հնարավորություն է՝
• կարճ ժամանակում հանդիպելու տարբեր մասնագետների և ուսանողների,
• ներկայացնելու սեփական փորձը, հետաքրքրությունները կամ գաղափարները,
• գտնելու համագործակցության նոր հնարավորություններ,
• ստեղծելու մասնագիտական և մարդկային նոր կապեր։