ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «BostonGene» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության համագործակցության շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում կազմակերպվեց իրազեկման հանդիպում «Կենսաինֆորմատիկա և տվյալագիտություն ուռուցքաբանության մեջ» դասընթացի վերաբերյալ։
«BostonGene»-ը մասնագիտացած է քաղցկեղային գոյացությունների և դրանց միկրոմիջավայրի համապարփակ վերլուծության մեջ՝ կիրառելով «Whole Exome Sequencing» (WES) և «RNA sequencing» (RNA-seq) տեխնոլոգիաները։ Ընկերությունը ուռուցքաբաններին տրամադրում է գենետիկ և մոլեկուլային մանրամասն բնութագրեր, ինչը հնարավորություն է տալիս մշակելու անհատականացված բուժման ռազմավարություններ՝ հարմարեցված յուրաքանչյուր հիվանդի յուրահատուկ կենսաբանական պրոֆիլին։
Ընկերության ներկայացուցիչը մանրամասն ներկայացրեց դասընթացի ծրագիրը, դիմելու կարգը, ինչպես նաև պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին։
Դասընթացը տրամադրում է համապարփակ գիտելիքներ կենսաինֆորմատիկայի, տվյալների գիտության և ուռուցքաբանության ոլորտներում, առաջատար տեխնոլոգիաների գործնական կիրառման փորձառություն, ինչպես նաև կարիերայի աճի հնարավորություն ճշգրիտ ուռուցքաբանության ոլորտում։
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվելու է «Կենսաինֆորմատիկա և տվյալների գիտություն ուռուցքաբանության մեջ» մասնագիտական վերապատրաստման դիպլոմ։
