Կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաների, կիրառական գիտության և ինժեներության ոլորտներում ուսանողների գիտելիքները և հմտությունները շարունակաբար զարգացնելու անհրաժեշտությունը՝ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը այս անգամ ԵՊՀ-ում հյուրընկալեց ԹՈՒՄՈ լաբերի թիմին։
Թումո լաբերի կրթական ծրագիրը կազմված է ուղղորդված ինքնուսուցման և գործնական նախագծերի բաղադրիչներից։ Միմյանց փոխլրացնող վերոնշյալ մեթոդները հնարավորություն են ընձեռում ուսանողներին ձեռք բերելու գիտելիքներ տեխնոլոգիաների, կիրառական գիտության և ինժեներության ոլորտներում, այնուհետև ամբողջացնելու դրանք գործնական հմտություններով։ Կրթական նախաձեռնությունը միտված է նպաստելու ժամանակակից աշխատաշուկայի պայմաններին համապատասխան մասնագետներ պատրաստելու գործընթացին։
Հանդիպմանը մասնակցեցին ԵՊՀ այն ուսանողները, որոնք ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները տեխնոլոգիական ոլորտում և ձեռք բերել աշխատաշուկայի պահանջներին համահունչ կարողություններ։ Թումո լաբերի կրթական ծրագրի ներկայացուցիչները ուսանողներին պատմեցին ոլորտի հնարավորությունների մասին՝ ներկայացնելով ուղղորդված ինքնուսուցման ծրագիրը և դրան առնչվող այլ հարցեր։
Ծրագիրը հիմնված է լավագույն կրթական ռեսուրսների, փորձագետների մշակած ուսումնական մոդուլների և գործնական մինի-նախագծերի վրա՝ հնարավորություն տալով սովորելու փուլ առ փուլ և կիրառելու գիտելիքներն իրական խնդիրների ուղղությամբ։ Այս ծրագրի շրջանակում առաջարկվող ուսուցման ուղղությունները չորսն են՝ «Phyton», «Մեքենայական ուսուցում», «JavaScript» և «Կիբեռանվտանգություն»։
Նշենք, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսումնառություն ինչպես սկսնակ, այնպես էլ բազային որոշակի մակարդակներից՝ խորացնելով արդեն իսկ ձեռք բերած գիտելիքները՝ ըստ յուրաքանչյուր ուսանողի հետաքրքրությունների։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան ծրագրի կառուցվածքին, դասերի անցկացման ձևաչափին, ուսուցման հնարավորություններին և գրանցման փուլերին։