ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու Կիմա Հարությունի Պետրոսյանը պարգևատրվեց ԵՊՀ արծաթե մեդալով։

Արժևորելով տարիների նվիրումը, գիտամանկավարժական ակնառու ներդրումը, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդը՝ Երևանի պետական համալսարանն արծաթե մեդալով պարգևատրեց Կիմա Պետրոսյանին։
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որ միաժամանակ գիտնականի ծննդյան 70-ամյակի առթիվ կազմակերպած միջոցառում էր, կազմակերպվեց ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում։
ԵՊՀ գիտքարտուղար Մերի Հովհաննիսյանը շնորհավորական խոսքում ընդգծեց Կիմա Պետրոսյանի բացառիկ ներդրումը համալսարանական կրթության կայացման ու զարգացման շնորհակալ գործում։
Կիմա Պետրոսյանը ավելի քան չորս տասնամյակ իր գիտելիքներն ու փորձը փոխանցում է ապագա մասնագետներին։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է տեսական օրգանական քիմիան, ինչպես նաև թունաբանական քիմիան, որի դասախոսությունն արդեն երկար տարիներ շարունակ նա վարում է Ֆարմացիայի ինստիտուտում։ Գիտնականն աչքի է ընկնում դասավանդման բարձր մշակույթով, մասնագիտական խոր գիտելիքներով և ուսանողների անհատական առաջընթացի նկատմամբ հոգատար վերաբերմունքով։

Տասնամյակների ընթացքում դոցենտ Պետրոսյանն իրեն դրսևորել է ոչ միայն որպես փորձառու գիտնական ու բանիմաց դասախոս, այլև որպես ազնիվ, նվիրված ու համեստ գործընկեր՝ ստեղծելով արժանի համբավ ԵՊՀ ակադեմիական միջավայրում։
Միջոցառմանը ներկա էին ինստիտուտի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։