2025 թվականի օգոստոսի 23-30-ը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աննա Մկրտչյանը և Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի դոցենտ Անի Դադայանը՝ որպես «ՄԳՏԿ-ի կողմից ֆինանսավորվող «AM-2705» նախագծի» ներկայացուցիչներ, մասնակցեցին Ճապոնիայում անցկացվող «EXPO 2025 Osaka Kansai» համաշխարհային ցուցահանդեսին։

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը (ՄԳՏԿ), որը հիմնադրվել է ԵՄ-ի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ 1992 թվականին, հանդիսանում է միջկառավարական կազմակերպություն, որի առաքելությունն է խթանել գիտության զարգացումը, նպաստել տեխնոլոգիական առաջընթացին և ձևավորել նորարարական միջազգային գործընկերություններ։ ՄԳՏԿ-ն «EXPO 2025»-ի պաշտոնական մասնակից է՝ ներկայացնելով 12 գիտական նախագիծ, այդ թվում՝ աղետների ռիսկի կառավարում, մաքուր էներգիա, առողջապահություն և անվտանգ հասարակություն։
ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի նիստին հաջորդել է «ՄԳՏԿ հատուկ օր» («ISTC Special Day») միջոցառումը, որը կայացել է օգոստոսի 27-ին Օսակայում ընթացող «EXPO 2025-ի» շրջանակում։ Ներկայացվել են Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Տաջիկստանի գիտնականների ձեռքբերումները՝ իրականացված Ճապոնիայի՝ որպես ՄԳՏԿ հիմնական ֆինանսավորողի աջակցությամբ։ ԵՊՀ ներկայացուցիչներն ամփոփել են «AM-2705» ՄԳՏԿ նախագիծը, որն ուղղված է ֆարմացիայի ոլորտում նորարարական լուծումների մշակմանը, և իրենց ակնառու նվաճումների համար արժանացել մրցանակի։
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ներկայացուցիչների մասնակցությունը փաստում է համալսարանի ակտիվ ներգրավվածությունը միջազգային գիտատեխնիկական նախաձեռնություններին՝ ուղղված կայուն զարգացման և գիտական նորարարության խթանմանը։