ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում ս.թ. հոկտեմբերի 3-ին հյուրընկալվեց բժշկական գիտությունների դոկտոր Անտոն Բեսպալովը: Միջազգային ճանաչում ունեցող գիտնականը հանդես եկավ «Դեղերի հայտնաբերումն այսօր․ ինչպես ընտրել «ճիշտ ձին»» վերտառությամբ զեկուցումով:
Հանդիպմանը ներկա էին ուսանողներ, դասախոսներ, նաև ոլորտով հետաքրքրված մասնագետներ։ Միջոցառումը կազմակերպվել էր դեղերի հայտնաբերման ժամանակակից ռազմավարությունները, միջազգային փորձը և ոլորտի զարգացման միտումները ուսանողներին և մասնագիտական հանրույթին ներկայացնելու նպատակով:
Դոկտոր Բեսպալովը ներկայացրեց դեղերի ընտրության գործընթացներում կիրառվող գիտական մոտեցումները՝ համադրելով կենսաբանական, քիմիական և կլինիկական տվյալները։ Գիտնականն իր ելույթում նկատեց նաև, որ դեղերի հայտնաբերման գործընթացը ոչ միայն գիտական, այլև ռազմավարական և էթիկական որոշումների համադրություն է։ Նա խոսեց այն մարտահրավերների մասին, որոնք առաջանում են նոր դեղերի հայտնաբերման և նախակլինիկական գնահատման փուլերում, ինչպես նաև ներկայացրեց իր անձնական փորձը ամերիկյան «AbbVie» դեղագործական ընկերությունում և ԱՄՆ-ի առաջատար գիտական կենտրոններում։
Զեկուցման ընթացքում մասնակիցները ծանոթացան նաև դոկտոր Բեսպալովի գիտական ուղուն՝ սկսած Սանկտ Պետերբուրգի ակադեմիկոս Ի. Պ. Պավլովի անվան առաջին բժշկական համալսարանից մինչև ԱՄՆ-ում հետազոտական աշխատանքներ (տեղի Առողջապահության ազգային ինստիտուտների աջակցությամբ)։ Նա ներկայացրեց նաև իր գործունեությունը «Abbott» («AbbVie») ընկերությունում, որտեղ զբաղեցրել է ավագ հետազոտողի, բաժնի ղեկավարի և տնօրենի պաշտոններ՝ ղեկավարելով միացությունների նախակլինիկական և կլինիկական հետազոտությունները, արտոնագրային գործընթացները և միջազգային համագործակցությունները։
Դոկտոր Բեսպալովն անդրադարձավ իր հիմնադրած կենսատեխնոլոգիական և բժշկական սարքավորումների ընկերություններին ևս, որոնք ուղղված են դեղագիտության և բժշկության ոլորտում նորարարական լուծումների մշակմանը:
Զեկուցմանը հաջորդեց հարցուպատասխանի ակտիվ փուլը: Մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու բանախոսին, քննարկելու ոլորտի արդի խնդիրներն ու ապագա հնարավորությունները։
Միջոցառումը կարևոր հարթակ էր ուսանողների և մասնագետների համար՝ միջազգային ճանաչում վայելող գիտնականի հետ անմիջական շփման, ոլորտի առաջատար փորձին ծանոթանալու, գիտելիքների փոխանակման և նոր մոտեցումների ընկալման համար։