Համապետական դեղագիտական առաջնությունը, որը կազմակերպվել է ս.թ. նոյեմբերի 8-ին «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի նախաձեռնությամբ, համախմբեց 20-ից ավելի մասնակից թիմերի, որոնց թվում՝ ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողներ և շրջանավարտներ։
Առաջնության առաջին և երրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերում ընդգրկված էին Ֆարմացիայի ինստիտուտի ներկայացուցիչները: Այդ փաստը ԵՊՀ մասնագիտական կրթության բարձր որակի և կիրառական արժեքի հերթական վկայությունն է։
1-ին հորիզոնականը զբաղեցած «ClinChoice» թիմի կազմում ընդգրկված էին Ֆարմացիայի ինստիտուտի շրջանավարտները՝ Մարիամ Հովհաննիսյանը և Հեղինե Օհանջանյանը։ 3-րդ հորիզոնականը գրաված «VIVA» թիմի կազմում էին Ֆարմացիայի ինստիտուտի շրջանավարտ Մերի Մաթևոսյանը, բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Էլենա Եգանյանը, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Մարիամ Մարգարյանը:
Առաջնության հանձնաժողովի կազմում էր նաև Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, դոցենտ Աննա Մկրտչյանը։ Մրցույթի հաղթող թիմն արժանացավ 1.000.000 ՀՀ դրամ մրցանակի, մյուս հաղթողները պարգևատրվեցին գործընկեր կազմակերպությունների տրամադրած նվերներով:
Հարկ է նշել, որ Վահե Մելիքսեթյան հիմնադրամի՝ ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունը կարևոր ներդրում է մասնագիտական համայնքը համախմբելու, նոր սերնդի կայացմանն օժանդակելու տեսանկյուններից:
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի առաքելությունն է կլինիկական դեղագիտության զարգացումը Հայաստանի Հանրապետությունում։ Հիմնադրամը նպատակ ունի զարգացնելու կլինիկական դեղագիտությունը՝ կազմակերպելով ներպետական և միջազգային միջոցառումներ, նպաստելով մասնագետների համալրմանը, ուսանողների ֆինանսավորմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև ոլորտի՝ որպես առանձին գիտության ճյուղի հարմարեցմանը։





