ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում Վոլոսի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտինոս Կորմասի հետ տեղի ունեցավ ակադեմիական հանդիպում։ Պրոֆեսորը Հունաստանի մանրէաբանական ասոցիացիայի անդամ է և FEMS-ի (Federation of European Microbiological Societies-Եվրոպական մանրէաբանական ընկերությունների ֆեդերացիա) պատվիրակ, որը ներկայացնում է Հունաստանը միջազգային տարբեր գիտական հարթակներում։
Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Կորմասը հանդես եկավ բազմաշերտ զեկուցմամբ, որտեղ ներկայացրեց իր գիտական գործունեության հիմնական ուղղությունները՝ սկսած կենդանիների և մանրէների փոխազդեցության էկոլոգիայից մինչև ձկների միկրոբիոմների ուսումնասիրություն։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես են մանրէները ձևավորում կենդանական միջավայրերը, ազդում «հյուրընկալի» (կենդանու օրգանիզմ) իմունային պատասխանների, սննդառության, վարքագծի և զարգացման վրա։ Ձկների միկրոբիոմների թեման առանձնահատուկ ուշադրության արժանացավ՝ ընդգծելով, որ ձկները բնակվում են մանրէաբանական միջավայրում, և նրանց միկրոբիոմները զգայուն են կլիմայական փոփոխությունների նկատմամբ։
Զեկույցի ընթացքում ներկայացվեցին վեց հայեցակարգեր, որոնց միջոցով հնարավոր է վերլուծել ձկների միկրոբիոմները՝ ներառյալ «phylosymbiosis»-ը, «process ontology»-ն, «metamicrobiome»-ը, «Anna Karenina»-ի սկզբունքը, «microbial rescue»-ի մեխանիզմները և «core microbiota»-ի դերը։ Այս մոտեցումները բացահայտում են միկրոբիոմների բազմազանությունը, կայունությունը, ինչպես նաև դրանց դինամիկ փոխակերպումները էկոլոգիական, ֆունկցիոնալ և էվոլյուցիոն մակարդակներում։
Պրոֆեսոր Կորմասը ներկայացրեց նաև «MICHAELab»-ի վերջին հետազոտությունները, այդ թվում՝ «Mediterranean monk seal pups»-ի մաշկի և աղիքային միկրոբիոմների ուսումնասիրությունը վերականգնման փուլում։ Նա անդրադարձավ նաև իր համագործակցությանը մի շարք առաջատար գիտական կենտրոնների հետ, ինչպիսիք են «Woods Hole Oceanographic Institution»-ը (ԱՄՆ), «Georgia Institute of Technology»-ը (ԱՄՆ), «Chinese Academy of Fishery Sciences»-ը (Չինաստան) և այլ հաստատություններ։
Զեկույցի կարևոր մաս էր միջազգային համագործակցության հնարավորությունների ներկայացումը։
Պրոֆեսորը մանրամասնեց «Էրազմուս+» և այլ փոխանակման ծրագրերի շրջանակները, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին և երիտասարդ գիտնականներին մասնակցելու միջազգային կրթական և հետազոտական նախագծերի։ Նա ընդգծեց, որ նման ծրագրերը ոչ միայն նպաստում են մասնագիտական աճին, այլև ամրապնդում են գիտակրթական կապերը տարբեր երկրների միջև։
Պրոֆեսոր Կոնստանտինոս Ա. Կորմասը ավելի քան 150 գիտական աշխատանքի հեղինակ, իսկ նրա h-index-ը կազմում է 38, ինչը վկայում է նրա գիտական արդյունքների ազդեցության և միջազգային ճանաչման մասին։ Հանդիպումը դարձավ արժեքավոր հարթակ՝ նոր գիտակրթական հեռանկարների բացահայտման, միջազգային կապերի ամրապնդման և մանրէաբանական գիտության արդի ուղղությունների հետ ծանոթանալու համար։ Ուսանողները և դասախոսները հնարավորություն ունեցան ուղղակիորեն շփվելու պրոֆեսորի հետ, քննարկելու համագործակցության հնարավոր ուղիները և ներշնչվելու նրա գիտական ճանապարհից։