ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը ս.թ. հունվարի 14-ին հյուրընկալեց միջազգային հեղինակություն վայելող գիտնական, Անտվերպենի համալսարանի (Բելգիա) դեղագործական, կենսաբժշկական և անասնաբուժական գիտությունների ֆակուլտետի փոխդեկան, պրոֆեսոր Փաուլ Կոսին (Paul Cos):
Պրոֆեսոր Փ. Կոսը մանրաբանության ոլորտի առաջատար մասնագետ է և զբաղեցնում է Եվրոպական մանրէաբանական ընկերությունների ֆեդերացիայի («FEMS») գործարար քաղաքականության հարցերով տնօրենի պաշտոնը: Նրա գիտական գործունեությունն աչքի է ընկնում բացառիկ ցուցանիշներով. ըստ «Scopus» շտեմարանի՝ նա հեղինակ է ավելի քան 300 գիտական հրապարակման, իսկ գիտական ազդեցության h-index-ը 60 է:
Պրոֆեսորի ճանաչողական այցը ԵՊՀ լավագույն հնարավորություն է Ֆարմացիայի ինստիտուտի գիտակրթական ներուժի ներկայացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրությունների շրջանակի հստակեցման տեսանկյունից:
Այցի ընթացքում Փ. Կոսը շրջայց կատարեց ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումներում, ծանոթացավ ժամանակակից սարքավորումներով հագեցած ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներին, որտեղ իրականացվում են դեղաձևերի և դեղանյութերի ստացման, դրանց որակի վերահսկման և կենսաբանական ակտիվության գնահատման աշխատանքներ։
Այցի շրջանակում տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունները, որոնց առանցքում էին «Էրազմուս+» ծրագրով ուսանողների և դասախոսների փոխանակման հնարավորությունները, միջազգային դրամաշնորհային հարթակներում, մասնավորապես «Horizon Europe»-ի և «FEMS»-ի շրջանակում համատեղ գիտական հայտերի պատրաստումն ու իրականացումը, ինչպես նաև հակամանրէային դիմադրողականության («AMR») ոլորտում համատեղ հետազոտական աշխատանքների կատարումը։
Այս այցելությունը հերթական կարևոր քայլն է ԵՊՀ միջազգայնացման ռազմավարության ճանապարհին, որը նպաստում է հայաստանյան գիտական մտքի ինտեգրմանը եվրոպական առաջատար հետազոտական տարածքին։