«Էրազմուս+» դասախոսների փոխանակման ծրագրի շրջանակում ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում հյուրընկալվեց Մեսինայի համալսարանի (Իտալիա) դեղագործական քիմիայի ամբիոնի ավագ դասախոս, դոկտոր Սանտո Պրևիտին և ներկայացրեց դասախոսություն:
Ժամանակակից դեղագործության ոլորտի համար առանցքային նշանակություն ունեցող «G-սպիտակուցով զուգորդված ընկալիչների (GPCR) լիգանդները թերանոստիկայում» թեմայով դասախոսության շրջանակում բանախոսը ներկայացրեց նեյրոտենզինի (Neurotensin)՝ որպես կարևորագույն նեյրոպեպտիդի ուսումնասիրությունը, որն իր ընկալիչների միջոցով դառնում է քաղցկեղի թիրախային ախտորոշման և բուժման հեռանկարային հարթակ:
Զեկուցման ընթացքում առանձնացվեցին այնպիսի մասնագիտական շեշտադրումներ, ինչպիսիք են մոլեկուլային կայունացումը և ֆարմակոֆորային մոդելավորումը:
Անդրադառնալով մոլեկուլային կայունացմանը և նշելով, որ բնական նեյրոտենզինն օրգանիզմում քայքայվում է շատ արագ (կիսատրոհման պարբերությունը 2 րոպեից քիչ է), բանախոսը ներկայացրեց իրենց հետազոտական խմբի հաջողությունները պեպտիդոմիմետիկների սինթեզի գործում, որոնք ունեն բարձր կայունություն և ընտրողականություն:
Ֆարմակոֆորային մոդելավորման վերաբերյալ մասնավորապես պատկերավոր ցուցադրվեցին մոլեկուլի այն կառուցվածքային հատվածները, որոնք պատասխանատու են ընկալիչի հետ կապվելու համար՝ հիմք դառնալով նպատակային դեղանյութերի ստեղծման համար:
Հատկապես տպավորիչ էին ներկայացված կլինիկական օրինակները PET/CT սկանավորման արդյունքներով, որտեղ հստակ ֆիքսված է սինթեզված ռադիոդեղագործական միջոցների կուտակումը ուռուցքային հյուսվածքներում (թոքերի, ենթաստամոքսային գեղձի և շագանակագեղձի քաղցկեղի դեպքում): Սա հնարավորություն ընձեռեց ուսանողներին տեսնելու լաբորատոր սինթեզի անմիջական կապը գործնական բժշկության հետ:
Միջազգային պարբերականներում տպագրված շուրջ 52 գիտական հոդվածները և 18 h-index ցուցանիշը փաստում են Սանտո Պրևիտիի մասնագիտական զգալի կշիռն ու ազդեցությունը գիտական հանրույթում։
Դասախոսությունն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում: Լսարանը, որը բաղկացած էր ապագա դեղագետներից և ոլորտի մասնագետներից, հնարավորություն ունեցավ հարցեր ուղղելու իտալացի գործընկերոջը սինթեզի նրբությունների և նոր սերնդի դեղերի կենսամատչելիության վերաբերյալ:
Այսօրինակ միջազգային դասախոսությունները կամուրջ են տեսական գիտության և ժամանակակից բժշկական պրակտիկայի միջև՝ ինստիտուտի աշխատակիցներին ու ուսանողներին հաղորդակից դարձնելով գիտության միջազգային առաջընթացին: