Ընթացիկ տարվա հուլիսի 8-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ Ֆարմացիայի ինստիտուտի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման բացումն ազդարարվեց ՀՀ օրհներգով և ԵՊՀ հիմներգով: Հետայդու ներկաներին ողջույնի և շնորհավորանքի խոսք հղեց Ֆարմացիայի ինստիտուտի հիմնադիր, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Բարձր գնահատելով ուսանողների տարիների քրտնաջան աշխատանքը՝ նա ընդգծեց, որ որակյալ դեղագործները կարևոր դեր ունեն պետության զարգացման գործում:
Արարողության առաջին հատվածում իրենց դիպլոմները ստացան բակալավրիատի «Ֆարմացիա» կրթական ծրագրի առկա ուսուցմամբ շրջանավարտները: Դիպլոմները հանձնեցին ինստիտուտի տնօրեն Աննա Մկրտչյանն ու ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Շրջանավարտների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ Լեո Եպրիկյանը։ Այնուհետև դիպլոմներ ստացան բակալավրիատի «Դեղագործական քիմիա» կրթական ծրագրի հեռակա ուսուցմամբ շրջանավարտները, որոնց շնորհավորեցին և դիպլոմները փոխանցեցին Ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի դոցենտներ Սամվել Վարդապետյանն ու Վալոդյա Միրզոյանը։
Հաջորդիվ «Ֆարմացիա» մագիստրոսական ծրագրի շրջանավարտներին ողջունեց և հաջողություններ մաղթեց կրթական ծրագրի ղեկավար Անահիտ Հովհաննիսյանը, իսկ «Դեղերի որակի վերահսկում» ծրագրի մագիստրոսներին՝ կրթական ծրագրի ղեկավար Հայարփի Սիմոնյանը։ Շրջանավարտներից Տիգրան Հարոյանը, Հերմինե Պարիկյանն ու Մարի Խաչատրյանը հանդես եկան շնորհակալական խոսքով:
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև դեղագետների երդման հանդիսավոր արարողությունը։ Բեմում համախմբված մագիստրոսները երդվեցին բարձր պահել դեղագետի պատիվն ու կոչումը՝ ի նպաստ մարդկանց առողջության։ Շրջանավարտներին ուղղած շնորհավորական ելույթում ինստիտուտի տնօրեն Աննա Մկրտչյանն ընդգծեց, որ համալսարանում ստացած գիտելիքներն ու փորձը կլինեն այն ամուր հիմքը, որով նրանք կհասնեն իրենց նպատակներին։
Հանդիսավոր լուսանկարահանումից հետո միջոցառումը շարունակվեց գեղեցիկ ավանդույթներով։ Մագիստրոսները մասնակցեցին «Հուշերով լի գինի» արարողությանը՝ շշալցնելով հատուկ գինի, որը կբացվի տասը տարի անց՝ իրենց հերթական հանդիպման ժամանակ։ Որպես հիշատակ՝ շրջանավարտներն իրենց գունավոր մատնահետքերով ստեղծեցին նաև «Ֆարմ-շրջանավարտների ծառը»։
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի այս տարվա շրջանավարտները ևս մեկ անգամ փաստեցին՝ ԵՊՀ-ն ոչ միայն բարձրակարգ գիտելիք է տալիս, այլև ձևավորում է արժեքներ, որոնք ուղեկցում են մարդուն ողջ կյանքի ընթացքում։

















