Բարձրագույն կրթության արդիականացման, որակի նոր չափանիշների պահանջների ապահովման և կրթական միջավայրի շարունակական զարգացման նպատակով ս.թ. հոկտեմբերի 14-ին ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի (ՄԿԶԿ) պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների համար կազմակերպվել է աշնանային դպրոց։ Այն դարձել է ոչ միայն ակադեմիական գիտելիքների հարստացման, այլև միջազգային լավագույն փորձին հաղորդակցվելու հարթակ։
Աշնանային դպրոցի շրջանակում դասախոսություն է ներկայացրել Աբու Դաբիի բարձրագույն կրթության նախարարության որակի ապահովման և վերահսկողության վարչության պետ, կրթության որակի ապահովման միջազգային ճանաչում ունեցող փորձագետ, բ.գ.թ., դոցենտ Ռոբերտ Խաչատրյանը։
Տասնամյակների մասնագիտական փորձ ունեցող Ռոբերտ Խաչատրյանի գործունեությունը համապատասխանում է Կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի պահանջներին, ինչպես նաև եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման ստանդարտներին և ուղեցույցներին։ Վերջին տասնամյակում բոլոնյան գործընթացի սկզբունքների առաջխաղացման գործում նրա ունեցած նշանակալի ավանդը նպաստել է ազգային և միջազգային մակարդակներում կրթական համակարգերի արդյունավետության բարձրացմանը, ինստիտուցիոնալ հաշվետվողականության խորացմանը և կրթական ծրագրերի համապատասխանության ապահովմանը։
«Որակյալ կրթության որոշիչ գործոնները․ որակի ապահովում և վերահսկողություն» թեմայով դասախոսությունն առանձնացել է բովանդակային խորությամբ և համակարգված մոտեցմամբ։ Բանախոսը ներկայացրել է, թե ինչպես կարող են բուհերն անցում կատարել ձևական ցուցանիշներից դեպի բովանդակային, չափելի և մրցունակ արդյունքների։
Ռոբերտ Խաչատրյանի ելույթը ուղեկցվում էր անձնական փորձով և միջազգային կառավարման պրակտիկայի իրական օրինակներով։ Դրանք մասնակիցներին հնարավորություն են տվել կրթության որակի ապահովմանն առնչվող խնդիրներին անդրադառնալու ավելի լայն՝ աշխարհաքաղաքական և ինստիտուցիոնալ տեսանկյուններից։ Բանախոսի մասնագիտական վերլուծությունների ճշգրտությունն արժանացել է լսարանի անմիջական արձագանքին։
Դասախոսության ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու բանախոսին։ Հարցուպատասխանի փուլն անցել է ակտիվ և բովանդակալից քննարկումների մթնոլորտում։ Բանախոսի սպառիչ, խորաթափանց և գործնական պատասխանները հիմնավորված են եղել նրա մասնագիտական փորձառությամբ և տեսական իմացություններով։
Նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստել է, որ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը հավատարիմ է կրթության որակի շարունակական բարելավմանն ու միջազգային չափանիշներին դրա համապատասխանեցմանը։
Նմանօրինակ նախաձեռնությունները ոչ միայն հարստացնում են համալսարանական միջավայրը, այլև նպաստում ապագայի կրթության որակի վերաբերյալ տեսլականի ձևավորմանը։




