ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում 2025 թվականի հունիսի 8-ին տեղի ունեցավ բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» և մագիրստրատուրայի «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը, մասնագիտական գործունեության «ուղեգրերի» հանձնման արարողությանը ողջունելով շրջանավարտներին, ընդգծեց, որ Երևանի պետական համալսարանն ավարտելը կարևոր հանգրվան է շրջանավարտների կյանքում, միևնույն ժամանակ՝ նոր սկզբի ազդարարում։ Պրոֆ․ Հարությունյանը նշեց, որ այսօր համընդհանուր ներառականության պայմաններում հանրակրթական դպրոցը լուրջ խնդիրներ ունի, հատկապես, եթե նկատի ունենանք այն փաստը, որ դպրոցներ են ներառվել տարաբնույթ խնդիրներ ունեցող աշակերտներ, հանրապետությունում զգացվում է սոցիալական մանկավարժների մեծ կարիք։ Ոչ պակաս խնդրահարույց է նաև դպրոցի կառավարման գործի կազմակերպումը, քանի որ զգալի է կրթության՝ որակյալ և բարձր կոմպետենցիաներով կազմակերպիչների պակասը։ Նա հույս հայտնեց, որ կենտրոնի շրջանավարտներն իրենց մասնագիտական որակյալ գիտելիքներով անհրաժեշտ ներդրում կունենան Հայաստանի Հանրապետության դպրոցներում կրթական գործընթացների բարելավման ուղղությամբ։
«Սոցիալական մանկավարժություն» բակալավրիատական և «Կրթության կազմակերպում» մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանավարտներ Նազելի Խզրոյանը և Անուշ Խաչատրյանը ուսանողների անունից շնորհակալություն հայտնեցին Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմին կրթական ծրագրի կազմակերպման աշխատանքի, աջակցող վերաբերմունքի, մասնագիտական գիտելիքներ փոխանցելու, ինչպես նաև գործնական հմտություններ զարգացնելու համար:
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից շրջանավարտներին շնորհավորեց կենտրոնի դոցենտ Լուսինե Հայրապետյանը։ Նա իր խոսքում նշեց, որ աշխարհը փոխվում է ոչ միայն նրանով, թե ինչ գիտի մարդը, այլև նրանով, թե ինչ արժեքներով է նա առաջնորդվում։ Նա հորդորեց, որ ուսանողներն իրենց ստացած գիտելիքները դարձնեն լույս ուրիշների կյանքում և պարբերաբար զարգացնեն ոչ միայն մասնագիտական կարողությունները, այլ նաև մարդկային բարձր արժեքները։
Տոնական միջոցառման ավարտին հանդիսավորությամբ շրջանավարտներին հանձնվեցին ավարտական վկայականները: