Նոր ուսումնական տարին մեկնարկեց ոգևորությամբ, սպասումներով, նոր հույսերով և նպատակներով։ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում անցկացվեց հանդիպում բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» և մագիստրատուրայի «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրերի առաջին կուրսերի ուսանողների հետ։
Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ն. Հարությունյանը ողջույնի խոսքում ընդգծեց, որ սոցիալական մանկավարժի մասնագիտությունը ժամանակակից հասարակության համար ունի առանցքային նշանակություն. այն ոչ միայն մասնագիտություն է, այլև առաքելություն՝ լինել երեխայի կողքին, աջակցել ընտանիքին և հասարակությանը կրթության ու դաստիարակության գործընթացում։ Կարևորելով նաև «Կրթության կազմակերպում» մագիստրոսական կրթական ծրագրի նշանակությունը՝ տնօրենը ընդգծեց, որ այն կրթության կազմակերպիչներին տալիս է գիտելիքներ ու հմտություններ՝ կրթական համակարգում կառավարման և նորարարական մոտեցումների իրականացման համար։
Մանրամասն ներկայացնելով կրթական գործընթացի հետ կապված հարցերը՝ պրոֆեսոր Ն․ Հարությունյանը շնորհավորեց առաջինկուրսեցիներին՝ մաղթելով նրանց արդյունավետ ուսումնառություն։ Նրա խոսքով՝ այս փուլը ոչ միայն ուսման, այլև ինքնաճանաչման ու զարգացումների ճանապարհ է։ ԵՊՀ-ն ընձեռում է լայն հնարավորություն՝ գիտելիք ստանալու, նախաձեռնություններ իրականացնելու, ինչպես նաև ուսանողական կյանքին ակտիվ մասնակցելու համար։
Առաջինկուրսեցիներին ողջունեցին նաև Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտներ Ա. Աշիկյանը, Լ. Հայրապետյանը, Մ. Ավետիսյանը։