ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում (ՄԿԶԿ) ս.թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Սոցիալական մանկավարժի միջազգային օրվան նվիրված «Ես սոցիալական մանկավարժ եմ» խորագրով միջոցառումը։
2009 թվականի մայիսին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցավ 44 երկրների սոցիալական մանկավարժների 17-րդ միջազգային խորհրդաժողովը, որի ժամանակ հոկտեմբերի 2-ը սահմանվեց Սոցիալական մանկավարժի միջազգային օր։ Աշխարհի տարբեր երկրներում ընդունված է հոկտեմբերի 2-ին անցկացնել թեմատիկ միջոցառումներ, մասնագիտական գիտաժողովներ, սեմինարներ՝ նվիրված սոցիալական մանկավարժության արդի հիմնախնդիրներին:
ԵՊՀ ՄԿԶԿ տնօրեն, պրոֆեսոր Ն․ Հարությունյանը շնորհավորեց ուսանողներին մասնագիտական տոնի առթիվ՝ անդրադառնալով նաև օրվա խորհրդին: Նա ընդգծեց, որ սոցիալական մանկավարժի բարձր ու պատվաբեր մասնագիտությունն առաքելություն է՝ ուղղված երեխայի երջանկությանը, սոցիալականացման խոչընդոտների վերացմանը, հոգեհուզական, վարքային խնդիրների շտկմանն ու կարգավորմանը։
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ուսանողական միջոցառումը նվիրված էր ապագա սոցիալական մանկավարժների՝ իրենց մասնագիտության մասին ունեցած պատկերացումներին:
Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես եկան սոցիալ-մանկավարժական հիմնախնդիրների վերաբերյալ տարբեր զեկույցներով՝ կարևորելով սոցիալական մանկավարժի դերակատարությունը երեխայի հետ տարվող աշխատանքներում։ Ուսանողների զեկույցները շոշափում էին այնպիսի ինքնատիպ և հետաքրքիր թեմաներ, ինչպիսիք են մարդու մարմնի քարտեզի սոցիալ-հոգեբանական տեխնոլոգիան և նեյրոդիվերսիվությունը։
Միջոցառմանը մասնակցում էին հյուրեր գործընկեր կազմակերպություններից, ծնողներ, ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ, փոխտնօրեններ, կենտրոնի տարբեր կրթական ծրագրերում սովորող ուսանողներ։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողների երդման հանդիսավոր արարողությունը:
Երդման հանդիսավոր տեքստը հնչեցրեց չորրորդ կուրսի ուսանող, կենտրոնի ՈՒԽ նախագահ Գագիկ Մարտիրոսյանը։ Այնուհետև չորրորդ կուրսի ուսանողները վզկապներ և խորհրդանշական կրծքանշաններ հանձնեցին առաջին կուրսի ուսանողներին։
Հանդիսավոր հատվածին հաջորդեցին ասմունքը, երգը, երաժշտական կատարումները, ԵՊՀ ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի անդամների «Կարնո քոչարի» պարեղանակով բեմադրած պարային համարը։