Ընթացիկ տարվա հունիսի 23-ին հավաստագրեր հանձնվեցին 30 կրեդիտին համարժեք մոդուլներով մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացների շրջանավարտներին:
Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմը ճանապարհեց 30 կրեդիտին համարժեք մոդուլներով մանկավարժի հավաստագրման եռամսյա վերապատրաստման դասընթացներին մասնակցած չորրորդ փուլի շրջանավարտներին։
Կենտրոնի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը ողջույնի խոսքով դիմեց միջոցառման մասնակիցներին: Նա կարևորեց մանկավարժի առաքելությունը՝ նշելով, որ սերունդ կրթելն ու արժեհամակարգ ձևավորելը բացառիկ պատասխանատվություն է: Նրա խոսքով՝ ավելի բարձր արդյունքների հասնելու համար միշտ է պետք ընտրել ինքնակատարելագործման և շարունակական կրթության լուսավոր ճանապարհը։
Տնօրենը ջերմորեն շնորհավորեց բոլոր շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ ձեռք բերած հարուստ գիտելիքներն ու հմտությունները կդառնան նրանց հաջողության հիմնաքարը։
Այնուհետև շրջանավարտներին ողջունեց անգլերենի մեթոդիստ, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոս Լիլիթ Սարգսյանը՝ շրջանավարտներին մաղթելով մասնագիտական հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
Ելույթ ունեցավ նաև հրավիրյալ դասախոս, մշակութաբան, ՀՀ ԿԳՄՍՆ կրթական ծրագրերի և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) հիմնադրամի փորձագետ, հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի աշխատակից Մարիամ Պետրոսյանը։ Նա ընդգծեց, որ այս վերապատրաստումը ծանրակշիռ ներդրում է ուսուցչի առաքելությունն ընտրած յուրաքանչյուր անձի կայացման գործում։ Բանախոսն արժևորեց կենտրոնի աշխատանքը՝ շեշտելով դասընթացների տեսական հենքի և գործնական կիրառելիության համադրումը։
Շրջանավարտների անունից պրոֆեսորադասախոսական կազմին երախտիքի խոսք հղեց շրջանավարտ Նախշուն Աֆանեսյանը։ Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց կենտրոնի դասախոսական ողջ անձնակազմին հոգատար ու արհեստավարժ մոտեցման, ինչպես նաև դասընթացի ընթացքում ցուցաբերած աջակցության համար:
Տնօրեն Ն. Հարությունյանը և վերապատրաստման ծրագրի պատասխանատու, դոցենտ Ա․ Աշիկյանն արարողության ավարտին հավաստագրեր հանձնեցին շրջանավարտներին՝ վերջիններիս մաղթելով մասնագիտական մեծ հաջողություններ, կրթության բնագավառում բեղմնավոր ու արդյունավետ գործունեություն։








