Ընթացիկ տարվա հունիսի 30-ին ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում տեղի ունեցավ բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» և մագիստրատուրայի «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը հանդիսության բացման արարողության ժամանակ շնորհավորեց շրջանավարտներին՝ ընդգծելով, որ կրթության ոլորտի մասնագետների հերթական սերունդը մեծագույն ձեռքբերում է ինչպես համալսարանի, այնպես էլ կենտրոնի համար։ Ն. Հարությունյանը վստահություն հայտնեց, որ իրենց շրջանավարտները հարուստ տեսական գիտելիքների և գործնական հմտությունների շնորհիվ հեշտությամբ կհարմարվեն աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին, կցուցաբերեն ճկուն մտածողություն և իրենց նշանակալից ներդրումը կունենան Հայաստանի դպրոցաշինության ու կրթական համակարգի զարգացման գործում: Շրջանավարտներին մաղթելով մասնագիտական վերելքներ՝ պրոֆեսորը հորդորեց նաև երբեք չբավարարվել ձեռքբերածով, այլ ընտրել շարունակական կրթությունն ու անընդմեջ ինքնակատարելագործման ուղին:
Շրջանավարտներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ նաև կենտրոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ա․ Ղազարյանը։ Բարձր գնահատելով ուսանողների ցուցաբերած պատասխանատվությունը, ուսումնառության ընթացքում դրսևորած ջանասիրությունը՝ նա ընդգծեց, որ մանկավարժի, կրթության կազմակերպչի առաքելությունը պահանջում է անդադար կատարելագործում և նվիրում:
Միջոցառման ընթացքում շրջանավարտները ևս հանդես եկան շնորհակալական ելույթներով՝ ուղղված պրոֆեսորադասախոսական կազմին։ Ուսանողները փաստեցին, որ համալսարանական տարիները լի էին ոչ միայն արժեքավոր գիտելիքների ձեռքբերմամբ, այլև մանկավարժական առաջավոր փորձի յուրացմամբ:
«Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրի շրջանավարտ Շողնա Կույումջյանն իր ելույթում նկատեց, որ այդ չորս տարիներն իրենց համար դարձել են հասունացման ու կայացման շրջան, քանի որ ձեռք են բերել սոցիալական մանկավարժին անհրաժեշտ բոլոր առանցքային կարողությունները, ինչի շնորհիվ առավել վստահ քայլերով կշարունակեն մասնագիտական ուղին։
«Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Լիլիթ Աղամալյանն էլ հավաստեց, որ կենտրոնի դասախոսները փոխանցել են ոչ միայն մասնագիտական հարուստ փորձ, այլև մարդկային բարձր արժեքներ: Շրջանավարտի խոսքով՝ դրա շնորհիվ իրենք այսօր ավարտում են համալսարանը որպես կրթության ոլորտի լիարժեք պատրաստված և մրցունակ կառավարիչներ։
Ելույթների պաշտոնական հատվածին հաջորդեց դիպլոմների հանձնման արարողությունը, որին ներկա էին կենտրոնի պրոֆեսորադասախոսական համակազմը, ուսանողները, ծնողներ և հյուրեր։


