Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում (ՄԿԶԿ) սեպտեմբերի 1-ին նշվեց Գիտելիքի և դպրության օրը՝ հանդիսավորությամբ ընդունելով բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» և մագիստրատուրայի «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրերի առաջին կուրսերի ուսանողներին։
Կենտրոնի դոցենտ, մ.գ.թ. Ա. Աշիկյանը ողջունեց սոցիալական մանկավարժի մասնագիտությունն ընտրած ուսանողներին՝ նշելով, որ ժամանակակից հասարակության համար այս մասնագիտությունն ունի առանցքային նշանակություն իր հումանիստական և երեխայակենտրոն բովանդակության շնորհիվ։ Սոցիալական մանկավարժը այն մասնագետն է, որը միշտ երեխայի, նրա ընտանիքի ու համայնքի կողքին է, ստեղծում է հաղորդակցական արդյունավետ մոդելներ այս շատ կարևոր սոցիալական ինստիտուտների միջև՝ նպաստելով երեխայի առողջ սոցիալական դաստիարակությանը։ Անդրադառնալով «Կրթության կազմակերպում» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողներին՝ նա ընդգծեց, որ կրթության ոլորտի ապագա կազմակերպիչներն այստեղ կստանան գիտելիքներ ու հմտություններ՝ կրթական համակարգում կառավարման արդյունավետ և նորարարական մոտեցումներ ցուցաբերելու համար։
Առաջինկուրսեցիներին ողջունեց նաև կենտրոնի դոցենտ, մ.գ.թ. Ա. Ղազարյանը՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն։ Նրանց համար այս փուլը ոչ միայն ուսման, այլև ինքնաճանաչման ու զարգացման ճանապարհ է։ ԵՊՀ-ում նրանց առջև բացվում են լայն հնարավորություններ՝ գիտելիք ստանալու, նախաձեռնություններ իրականացնելու, ինչպես նաև ուսանողական կյանքին ակտիվ մասնակցելու համար։
ՄԿԶ կենտրոնի ուսանողական խորհրդի նախագահ Լաուրա Հովհաննիսյանը և ՈՒԳԸ նախագահ Մադորա Հարոնյանն առաջինկուրսեցիներին ուղղված շնորհավորական խոսքում ընդգծեցին կրթության և մասնագիտական զարգացման կարևորությունը։
Միջոցառման ավարտին կենտրոնի դասախոսները և ուսանողական կառույցի նախագահները պատասխանեցին առաջինկուրսեցիների հարցերին և բաժանեցին կրթական ծրագրերի մասին բուկլետներ։





