Երևանի պետական համալսարանի աստղադիտարանը Լույսի միջազգային օրվա առթիվ բացել էր իր դռները բոլոր այցելուների առաջ՝ անկախ տարիքից և մասնագիտությունից: Բաց դռների օրը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտին կից գործող Օպտիկների միության ուսանողական մասնաճյուղի (YSO) նախաձեռնությամբ և նպատակ ուներ ներկայացնելու լույսի ֆիզիկական բնույթը, դրա կիրառությունները և նշանակությունը տարբեր ոլորտներում։

Միջոցառման առաջին հատվածում ցուցադրվեցին օպտիկական փորձեր, որոնց միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու լուսային մի շարք հետաքրքիր երևույթներ և լույսի տարատեսակ կիրառություններ, ինչպես օրինակ՝ լույսի գործոնը օպտիկական խաբկանք ստեղծելիս, հեռահաղորդականության կամ արվեստի մեջ և այլն։ Ներկայացումներն ուղեկցվում էին հստակ ու մատչելի բացատրություններով՝ բարդ երևույթները հասանելի դարձնելով միջոցառմանը այցելած երեխաներին: Հետայդու այցելուների ակտիվ ներգրավմամբ անցկացվեց վիկտորինա, որի ընթացքում մասնակիցներն հնարավորություն ունեցան դրսևորելու և ստուգելու իրենց գիտելիքները՝ ստանալով խորհրդանշական պարգևներ։
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում գիտության տոնի՝ Լույսի օրվա միջոցառման անբաժան մասն էին նաև հայկական երգն ու պարը, որ կազմեցին օրվա միջոցառման երկրորդ հատվածը:
Ելույթ ունեցան «Վարը Վարենկ» կրթամշակութային և «Խարույկ» հասարակական կազմակերպությունները, որոնց անդամները ներկայացրին հայկական ազգային պարեր ու երգեր՝ ներկաներին քայլ առ քայլ սովորեցնելով նաև պարերի շարժումները: Միջոցառումը համատեղեց գիտական կրթությունը և մշակութային ժառանգության պահպանումն ու արժևորումը՝ ստեղծելով հետաքրքիր և բազմաբովանդակ միջավայր։

Հետաքրքիր է իմանալ…
Լույսի միջազգային օրը հիմնադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2017 թվականի նոյեմբերին: Տոնի ստեղծման հիմքում ընկած է այն գաղափարը, որ լույսը և նրա վրա հիմնված տեխնոլոգիաները, ծառայելով ի շահ համայն մարդկության, պիտի նպաստեն մարդկանց կյանքի որակի բարձրացմանն ու շրջակա միջավայրի պայմանների լավարկմանը:
1960 թվականին՝ մայիսի 16-ին, ֆիզիկոս և ինժեներ Թ. Մայմանը աշխարհում առաջին անգամ հաջողությամբ ցուցադրեց լազերը: Լազեր (անգլերեն՝ «laser» - «light amplification by stimulated emission of radiation») բառը անգլերեն հապավում է, որ հայերեն թարգմանաբար նշանակում է լուսադիտական անբամասային փոխարկիչ (ԼՈւՍԱՓ) կամ մեներանգ լույսի կապի աղբյուր (ՄեԼԿԱ)։