Լույս է տեսել ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի (ԵՈՒԿ) հերթական՝ «Կլիման, հակամարտությունը և քաղաքացիական հասարակությունը․ դերակատարների քարտեզագրումը Լեռնային Ղարաբաղի և Ղրղզստան-Տաջիկստան սահմանային հակամարտությունների կանխարգելման և հետևանքների հաղթահարման գործընթացում» («Climate, Conflict and Civil Society: Mapping Actors in the Prevention and Redress of the Nagorno-Karabakh and Kyrgyzstan-Tajikistan Border Conflicts») խորագրով հետազոտությունը:
Հետազոտության հեղինակներն են Երևանի պետական համալսարանի դասախոս Գայանե Հովակիմյանը, ԵՈՒԿ փորձագետ Մարիամ Մուրադյանը, օտարերկրյա մասնագետներ Կայ Վանգլեն, Մեդի Էդիսոնը և Ալմազբեկ Դուիշոնբաևը։
Հետազոտության նպատակն է քարտեզագրել 2020-2025 թվականներին Լեռնային Ղարաբաղի և Ղրղզստան-Տաջիկստան սահմանային հակամարտությունների կանխարգելման, դրանց հետևանքների հաղթահարման և խաղաղության կերտման գործընթացներում ներգրավված դերակատարներին։
Այն ցույց է տալիս, որ հակամարտությունների կարգավորումն ու երկարաժամկետ խաղաղության հաստատումը պայմանավորված են ոչ միայն քաղաքական և անվտանգային գործոններով, այլև բնական ռեսուրսների կառավարման, բնապահպանական մարտահրավերների և տեղական համայնքների կարիքների հաշվառմամբ։
Զեկույցը ոչ միայն ներկայացնում է հակամարտությունների կանխարգելման և հետևանքների հաղթահարման ոլորտում գործող դերակատարների քարտեզը, այլև առաջարկում է գործնական մոտեցումներ՝ խաղաղությանը միտված գործընթացներն ավելի համակարգված և ներառական դարձնելու համար։