ԵՊՀ Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում Պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ ս.թ. նոյեմբերի 7-8-ն անցկացվեց «Արհեստական բանականությունը բարձրագույն կրթության և ակադեմիական աշխատանքի մեջ» թեմայով սեմինարների շարք՝ նախատեսված ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և վարչական աշխատակիցների համար։ Սեմինարավարն էր Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մշակութային մարդաբանության բաժնի գիտաշխատող Սմբատ Հակոբյանը։
Երկօրյա ծրագրի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել գեներատիվ արհեստական բանականության առանձնահատկություններին, համալսարանական և ակադեմիական աշխատանքում դրա կիրառման հնարավորություններին, ինչպես նաև բարձրագույն կրթության համակարգում ԱԲ-ի կիրառմամբ պայմանավորված առավելություններին, մարտահրավերներին և դրանց արձագանքման հնարավոր եղանակներին։
Բանախոսն անդրադարձավ արհեստական բանականության, գեներատիվ ԱԲ-ի, մեքենայական ուսուցման և մեծ լեզվային մոդելների (LLM) վերաբերյալ հիմնարար հարցերին։ Ներկայացվեցին ժամանակակից մասնագիտական և աշխատանքային միջավայրերում ԱԲ-ի առաջացրած փոփոխությունները, դրանց հնարավորություններն ու սահմանափակումները՝ այսպես կոչված «հալյուցինացիաները», ինչպես նաև ԱԲ գործիքների կիրառման ընթացքում մարդկային փորձագիտական վերահսկողության կարևորությունը։
Առանձին քննարկվեց արհեստական բանականության ազդեցությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտների վրա։ Սմբատ Հակոբյանը ներկայացրեց նոր տեխնոլոգիաների զարգացման պայմաններում կրթական և ակադեմիական միջավայրում ի հայտ եկող հնարավորությունները, փոփոխությունները, խնդիրներն ու մարտահրավերները։
Անդրադարձ կատարվեց նաև դասավանդման և ուսումնական նյութերի ստեղծման գործընթացում ԱԲ գործիքների կիրառմանը։ Մասնավորապես՝ ներկայացվեցին դասընթացների ծրագրերի, դասախոսությունների, սեմինարների, դեպքերի ուսումնասիրությունների (case study), քննարկման հարցերի, վարժությունների և սահիկաշարերի պատրաստման հնարավորությունները, ինչպես նաև դասավանդման գործընթացի բարելավմանն ուղղված գործիքները։
Սեմինարների ընթացքում կարևորվեց նաև արհեստական բանականության կիրառումը գիտական հետազոտություններում և ակադեմիական գրագրության մեջ։ Քննարկվեցին հումանիտար ոլորտի հետազոտական աշխատանքներում ԱԲ գործիքների օգտագործման հնարավորությունները, որակական տվյալների մշակման և հետազոտական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման հարցերը, ինչպես նաև ակադեմիական տեքստերի պատրաստման աշխատանքում դրանց կիրառությունը։
Սեմինարի տեսական քննարկումները զուգակցվել են նաև գործնական աշխատանքներով, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել կիրառելու ստացած գիտելիքները։ Գործնական աշխատարանների շրջանակում մասնակիցները ծանոթացան արդյունավետ հարցումների (prompt engineering) կազմման սկզբունքներին, ԱԲ գործիքներին անհրաժեշտ համատեքստ տրամադրելու, դերերի և առաջադրանքների սահմանման, ակնկալվող արդյունքի ձևաչափի հստակեցման և գործիքները որոշակի առաջադրանքներին համապատասխանեցնելու եղանակներին։
Սեմինարներն ամփոփվեցին արհեստական բանականության կիրառման էթիկական հարցերի՝ գաղտնիության, հեղինակային իրավունքի, տվյալների անվտանգության, հնարավոր շեղումների, թափանցիկության և ԱԲ-ի պատասխանատու օգտագործման հիմնախնդիրների մասին քննարկումներով։
Նմանօրինակ սեմինարները կարևոր նշանակություն ունեն մասնագիտական զարգացման, նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններին ծանոթանալու և դրանք կրթական ու գիտահետազոտական գործընթացներում արդյունավետ կիրառելու տեսանկյունից։ Պատմության ֆակուլտետում նման նախաձեռնությունները շարունակական են՝ միտված դասախոսների, հետազոտողների, ուսանողների և աշխատակիցների գիտելիքների ու մասնագիտական կարողությունների ընդլայնմանը։