ԵՊՀ պատմության ֆակուլտետում գործող «Կովկասագիտություն» բակալավրի կրթական ծրագրի ուսումնական պլանը վերջին ամիսներին վերանայվել է՝ հաշվի առնելով ինչպես ժամանակակից գիտական պահանջները, այնպես էլ աշխատաշուկայի միտումները։ Կրթական ծրագրի նոր կառուցվածքի, լեզվական փոփոխությունների և հետազոտական բաղադրիչի կարևորության մասին զրուցել ենք ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, «Կովկասագիտություն» կրթական ծրագրի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Էդուարդ Զոհրաբյանի և նույն ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Հայկ Մխոյանի հետ։

Խոսելով «Կովկասագիտություն» ծրագրի ուսումնական պլանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին՝ Է. Զոհրաբյանը նշեց. «Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ որոշ առարկաների վերանայումը, անվանումների հստակեցումը և նոր հետազոտական դասընթացների ներդրումը անհրաժեշտ են՝ ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Մեր մոտեցման հիմքում եղել են երկու հիմնական սկզբունքներ՝ ապահովել ուսումնամեթոդական հիմքը և միաժամանակ ծրագրի կիրառելիությունը՝ պատրաստելով ուսանողներին իրենց հետագա մասնագիտական կյանքում»։
Հ. Մխոյանն ընդգծեց, որ լեզվական քաղաքականությունը միշտ էլ եղել է կրթական ծրագրի առանցքային բաղադրիչներից՝ մատնանշելով, որ վերջին տարիներին նկատվում է վրացերեն սովորել ցանկացող ուսանողների թվի նվազում. «Ուսանողները հաճախ գերադասում են ադրբեջաներենը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները։ Բայց մենք կարևորում ենք նաև վրացերենի իմացությունը, քանի որ կովկասագիտական հիմնական գրականության մի զգալի մասը վրացերենով է։ Այդ պատճառով առաջարկում ենք պարտադիր կառուցամասում 1-ին կուրսից սկսել ադրբեջաներենի ուսուցումը (5 կիսամյակ), որից հետո կամընտրական մասում՝ թարգմանության մեթոդաբանության խորացված դասընթաց։ Միաժամանակ, 4-րդ կիսամյակից նախատեսվում է սկսել վրացերենի ուսուցումը, որը կշարունակվի մինչև 8-րդ կիսամյակ, ինչպես նաև կառաջարկվի «Վրացերեն թարգմանություն և մեթոդներ» առարկան։ Սա հնարավորություն կտա ուսանողներին տիրապետելու կովկասյան երկու լեզվի, ինչը նրանց մրցունակությունն էապես կբարձրացնի աշխատաշուկայում»,- հավելեց Հ. Մխոյանը։
Խոսելով առարկաների վերանայման շրջանակում կատարված փոփոխությունների մասին՝ կրթական ծրագրի ղեկավարը շեշտեց․ «Մի շարք պատմագիտական առարկաներ ստացել են հստակեցված վերնագրեր՝ արտացոլելով դրանց բովանդակային առանցքը։ Օրինակ՝ «Հայոց պատմություն» առարկան այժմ ներկայացվում է «Հայոց պատմության հիմնահարցեր (հին և միջին դարեր)» անվամբ, և այդ մոդելը կիրառվում է նաև այլ տարածաշրջանների պատմությանը վերաբերող առարկաների համար։ Սա կարևոր է ուսանողների մոտ առարկաների ուղղվածությունն ու խորությունը ընկալելի դարձնելու համար։ Նույն նպատակով «Կովկասի ազգագրություն» առարկան վերանվանվել է «Կովկասի ժողովուրդների ազգագրություն»։ Նոր ուսումնական պլանում ավելացվել է ուսումնական պրակտիկա։ Ուսանողները հնարավորություն կունենան աշխատելու Մատենադարանում, արխիվներում և գրադարաններում՝ անմիջականորեն շփվելով գիտահետազոտական նյութերի հետ»։

Հ. Մխոյանը, ներկայացնելով առարկաների միավորման հիմնական տրամաբանությունը և նպատակը, ասաց. «Նախորդ ուսումնական պլանում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի պատմությունները դասավանդվում էին առանձին, և այնուհետև ուսանողները կամընտրական մասում ուսումնասիրում էին տվյալ երկրների քաղաքականությունը Կովկասում։ Հիմա առաջարկում ենք այս թեմաները համադրել և ներկայացնել որպես համալիր դասընթացներ՝ ներառելով թե՛ պատմական զարգացումները, թե՛ տարածաշրջանային քաղաքականության վերլուծությունը։ Դասընթացներն ունեն նաև հետազոտական բաղադրիչ՝ խթանելով ուսանողների հետազոտական հմտությունները»։
Ըստ Է. Զոհրաբյանի՝ նոր ուսումնական պլանը ոչ միայն կխորացնի ուսանողների մասնագիտական պատրաստվածությունը, այլև կբարձրացնի նրանց պահանջվածությունը աշխատաշուկայում։ Կարծում եմ՝ համադրված լեզվական պատրաստվածությունը, աղբյուրագիտական խոր գիտելիքներն ու հետազոտական բաղադրիչը այս ծրագրի կարևոր առավելություններն են։
Նշենք, որ «Կովկասագիտություն» բակալավրի ծրագրի նոր ուսումնական պլանը կգործի 2025/2026 ուստարում ընդունված ուսանողների համար։