ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «21-րդ դարի թվային «քարանձավում»» խորագրով ներկայացումը։
Ըստ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դասախոս Օվսաննա Նահապետյանի՝ բեմադրության յուրահատկությունն այն է, որ այստեղ չեն տրվում պատրաստի պատասխան-ձևակերպումներ. փորձ է արվում մտածելու և ինքնաքննադատությամբ հանդես գալու։
«Սա միայն դիտարժան ներկայացում չէ, այլ փորձ՝ գիտակցելու սեփական ներգրավվածությունը թվային իրականության մեջ»,- ընդգծեց Օվսաննա Նահապետյանը՝ հավելելով, որ նման նախաձեռնությունները համալսարանական միջավայրում նպաստում են քննադատական մտածողության զարգացմանը և ուսանողի՝ որպես մտածող սուբյեկտի կայացմանը։
Բեմադրության համահեղինակ-բեմադրիչ էր նաև Փիլիսոփայության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Արփի Շամոյանը: Ուսանողական փորձառությունից ծնված բեմադրությունն աչքի էր ընկնում նաև արդիական հարցադրումների անկեղծությամբ և քննադատական համարձակությամբ։
Բեմադրության դիպաշարի հիմքում երեք ընկերների հանդիպումն է։ Նրանք որոշում են հավաքվել՝ միասին ժամանակ անցկացնելու, զրուցելու և առօրյա շփումը վերականգնելու։ Սակայն այս սովորական հանդիպումն աստիճանաբար վերածվում է խորքային ու բազմաշերտ քննարկման, որտեղ բացահայտվում են թվային միջավայրի ազդեցությունները մարդու մտածողության, ինքնության և փոխհարաբերությունների վրա։ Նրանց հանդիպման ընթացքում բարձրացվում են մի շարք առանցքային հարցեր․ արդյո՞ք թվային տեխնոլոգիաները նպաստում են մարդու ազատագրմանը, թե՞ ստեղծում են վերահսկման նոր մեխանիզմներ, ինչպե՞ս են այդպիսիք փոփոխվում հասարակական հարաբերությունների վիրտուալացման պայմաններում, և հնարավո՞ր է արդյոք դուրս գալ թվային «քարանձավից»։
«21-րդ դարի թվային «քարանձավում»» ներկայացումն արժեքավոր էր կրթական և հանրային դիսկուրսի տեսանկյունից ևս. ստեղծվեց մի հարթակ, որտեղ արվեստը ծառայեց որպես մտածողության խթան։ Ներկայացումից հետո ծավալված քննարկումները ցույց տվեցին, որ թեման արձագանք է ստացել հատկապես երիտասարդների շրջանում, որոնք մշտապես առնչվում են թվային իրականության հնարավորություններին և սահմանափակումներին։
Ներկայացումը՝ որպես ժամանակակից հասարակության ինքնաքննադատական հայելի, հիշեցնում է՝ տեխնոլոգիական առաջընթացն ինքնին չի երաշխավորում մարդկության առաջընթացը, եթե այն չի ուղեկցվում քննադատական մտածողությամբ, համապատասխան արժեքների գերակայության գիտակցությամբ։ Այս առումով մարդկանց միջև երկխոսությունը և կենդանի շփումները կարող են դառնալ ժամանակակից «քարանձավից» դուրս գալու իրական քայլեր։
