ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները մասնակցել են ռուսաց լեզվի հանրապետական ուսանողական օլիմպիադային, որը նվիրված էր Վալերի Բրյուսովի խմբագրությամբ լույս տեսած «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» հանրահայտ անթոլոգիայի հրատարակության 110-ամյակին։
Օլիմպիադայի հաղթողների, մրցանակակիրների և մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Օլիմպիադան անցկացվել է ընթացիկ ուսումնական տարվա ապրիլի 27-ին և 28-ին՝ համախմբելով Հայաստանի տարբեր մարզերի՝ Տավուշի, Շիրակի, Սյունիքի և Երևանի ուսանողների։ Միջոցառմանը առանձնահատուկ խորհրդանշական իմաստ է հաղորդել այն հանգամանքը, որ պարգևատրման արարողությունը կայացել է Բանասերի օրվա շրջանակում՝ տոնի, որը նվիրված է լեզվի մշակույթը, խոսքի ուժը և գրական ավանդույթների շարունակականությունը պահպանողներին:
Մասնակիցներին ողջունել է համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը՝ ընդգծելով ուսանողների մասնակցության կարևորությունը նման մտավոր և մշակութային նախաձեռնություններին։
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է ռուսաց լեզվի բարձր պահանջարկը ինչպես ԱՊՀ երկրներում, այնպես էլ համաշխարհային կրթական և մշակութային տարածքում՝ ընդգծելով, որ ռուսաց լեզվի իմացությունը երիտասարդների առջև բացում է մասնագիտական և ակադեմիական լրացուցիչ հնարավորություններ։
Երևանում ՌԴ գիտության և մշակույթի «Ռուսական տուն» կենտրոնի տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը կարևորել է օլիմպիադայի լայն ընդգրկումը, որը միավորել էր Հայաստանի 12 բուհերի 73 ուսանողների։ Նրա խոսքով՝ երիտասարդների հետաքրքրվածությունը ռուսաց լեզվի և գրականության նկատմամբ վկայում է ակադեմիական միջավայրում ռուսագիտության պահանջարկի և ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման մասին։
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները մեզ հետ զրույցում ներկայացրին օլիմպիադայից ստացած իրենց տպավորությունները։
Օլիմպիադայի մրցանակակիր, 2-րդ կուրսի ուսանողուհի Սվետլանա Հարությունյանը նշել է, որ մասնակցությունն իր համար դարձել է ոչ միայն գիտելիքները ստուգելու հնարավորություն, այլև կարևոր մասնագիտական փորձ։
«Ինձ համար օլիմպիադան դարձավ իսկական մտավոր մարտահրավեր։ Շատ հետաքրքիր էր կատարել առաջադրանքներ, որոնք կապված էին ոչ միայն ռուսաց լեզվի, այլև գրականության, մշակույթի և պատմության հետ։ Հատկապես կարևոր էր զգալ Հայաստանի տարբեր բուհերի բանասեր ուսանողների միասնության մթնոլորտը։ Նման միջոցառումները մոտիվացնում են ավելի խորությամբ ուսումնասիրելու լեզուն և գրականությունը, ընդլայնելու մտահորիզոնը և զարգացնելու սեփական հետազոտական հմտությունները»,- նշել է Սվետլանան։
1-ին կուրսի ուսանողուհի Կարինա Գրիգորյանը պատմել է, որ օլիմպիադային մասնակցությունն իր վրա վառ և ոգեշնչող տպավորություն է գործել։
«Ես շատ նոր բաներ սովորեցի Վալերի Բրյուսովի և «Հայաստանի պոեզիա» անթոլոգիայի ստեղծման պատմության մասին։ Հատկապես հիշարժան էր Բրյուսովի թանգարան այցելությունը, որտեղ մեզ պատմեցին նրա կյանքի, թարգմանչական գործունեության և հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ունեցած հսկայական ավանդի մասին։ Ինձ շատ դուր եկավ օլիմպիադայի մթնոլորտը՝ բարեկամական, ստեղծագործական և միաժամանակ շատ մոտիվացնող։ Մասնակցությունից հետո ավելի մեծ ցանկություն ունեցա զբաղվելու բանասիրությամբ և մասնակցելու գիտական ու մշակութային նախագծերի»,- նշել է Կարինան։
Արարողության ամենավառ դրվագներից մեկը «Երկու լեզու՝ մեկ պոեզիա» խորագրով գեղարվեստական հատվածն էր, որի ընթացքում հնչեցին Վալերի Բրյուսովի թարգմանությունները՝ ռուսերեն և հայերեն։ Ելույթը դարձավ ժողովուրդների միջև մշակութային երկխոսության և փոխըմբռնման խորհրդանիշ։
Նման միջոցառումները նպաստում են միջմշակութային երկխոսության ամրապնդմանը, ռուսաց լեզվի և գրականության նկատմամբ հետաքրքրության զարգացմանը, ինչպես նաև տաղանդավոր ուսանող երիտասարդության աջակցությանը։
Օլիմպիադայի կազմակերպիչներն էին Երևանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնը, Հայաստանում ռուսական և խորհրդային բուհերի շրջանավարտների ասոցիացիան և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։








