
Տվյալների գիտությունը բիզնեսում
Մագիստրոսական ծրագիր

«Տվյալների գիտությունը բիզնեսում» («Data Science for Business») մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ և «PMI Science»-ի աջակցությամբ:
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի լավագույն ուսանողները, մեկ տարի սովորելով ԵՊՀ այս մագիստրոսական ծրագրում և մեկ տարի էլ շարունակելով Սան Խոսեի պետական համալսարանում (ԱՄՆ), հնարավորություն ունեն ստանալու կրկնակի դիպլոմ։
Կրթական ծրագիրն առաջին անգամ Հայաստանում ստեղծել է այնպիսի միջգիտակարգային ծրագիր, որը կպատրաստի մրցունակ, միջազգային կրթության որակներին համապատասխան մասնագետներ, որոնք կներկայացնեն միանգամից երեք ոլորտ՝ մաթեմատիկա, ծրագրավորում և բիզնես վերլուծություն։ Միևնույն ժամանակ ծրագիրը կենտրոնացած է բիզնես գործընթացներում այդ գիտելիքների պրակտիկ կիրառությունների վրա և չի տրամադրում զուտ տեսական գիտելիք։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն ակադեմիական և նորարարական կրթությունների ակտիվ համագործակցության վառ օրինակ է, որը նախատեսված է նոր սերնդի տվյալների վրա հիմնված և նորարարությանը միտված մասնագետների վերապատրաստման համար, որոնք կարող են որպես տվյալագետներ աշխատել խոշոր տվյալների նոր էկոհամակարգերում, բիզնես, հաճախորդների վարքագծային վերլուծության, տվյալների նախագծման, կառուցման, մոդելավորման և կառավարման ոլորտներում:
Այս կրթական ծրագիրն ուսանողներին ներգրավում է ինտենսիվ ուսուցման մեջ, տալիս է ոլորտի փորձագետների հետ աշխատելու գործնական, աշխատանքային փորձ և պարզապես չի լրացնում ունեցած ակադեմիական գիտելիքները, այլ սովորեցնում է ճիշտ օգտագործել ծրագրում ստացած կիրառական գիտելիքները։
Կրթական ծրագրի ուսանողները մրցունակ մասնագետներ են այսօրվա աշխատաշուկայում: Նրանք իրենց ստացած արդիական գիտելիքներով դարձել են աշխարհում տեղի ունեցող տվյալների հեղափոխության կարևոր մասնիկ. տվյալագիտության մեջ տեսական գիտելիքները փոխկապակցելով բիզնեսի պահանջներին, օգտագործելով Python, R, Java, SQL ծրագրավորման լեզուները՝ հեշտությամբ բիզնես որոշումներ են կայացնում՝ օգտագործելով տվյալների գիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության մեթոդները:
ՏԳԲ կրթական ծրագրի շրջանավարտներն այսօր աշխատում են ՏՏ առաջատար կազմակերպություններում՝ Picsart, SmartClickAI, WorldQuant, Krisp, Plat.ai, Service Titan, WebbFontaine, PMI Science, Cognaize, Synopsys Armenia, NVIDIA, DataMotus, Sololearn, DataArt, ՀՀ Կառավարությունում, նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում, միջազգային կառույցներում։

Կոնտակտներ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Աբովյան 52
Երևան, Հայաստան 0052