ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և «Համազգային» հայ կրթական և մշակութային միության համագործակցությամբ ս․թ․ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին նվիրված գիտաժողով։
Գիտաժողովի բացման և ողջույնի խոսքով ելույթ ունեցան ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը, «Համազգային» հայ կրթական և մշակութային միության վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, բանաստեղծի կինը՝ Լոնդոնի համալսարանի լեզվաբանության դոկտոր Արմինե Թամրազյան-Դավոյանը և «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։
Ողջունելով ներկաներին՝ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը մասնավորապես նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել «Համազգային» հայ կրթական և մշակութային միության և Երևանի պետական համալսարանի համատեղ գործունեությունը, որի շնորհիվ պարբերաբար անցկացվում են մեր մշակույթի և գրականության նշանավոր գործիչների կյանքին ու ստեղծագործություններին նվիրված գիտական նստաշրջաններ։ Լևոն Շանթին, Համաստեղին, Նիկոլ Աղբալյանին, Հակոբ Օշականին, Մուշեղ Իշխանին, Հակոբ Կարապենցին և մեր այլ մեծերի տարբեր հոբելյաններին նվիրված տարատեսակ միջոցառումներին, գիտական նստաշրջաններին և աշխատաժողովներին ավելանում է նաև նշանավոր բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 85-ամյակին նվիրված այս գիտաժողովը։
Ա․ Գալստյանը նաև նշեց, որ Դավոյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ էր, ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ, որի ստեղծագործությունները տպագրվել են նաև արտերկրի մի շարք պարբերականներում: Ավելի քան վեց տասնամյակ նրա յուրահատուկ ու բազմաշերտ ստեղծագործությունը՝ որպես պոեզիա ու արձակ, որպես երգի վերածված բանաստեղծություն ու հրապարակախոսություն, որպես մարդկային զգացմունք և քաղաքացիական մտահոգություն, ուղեկցում է մեզ։
Մեծանուն բանաստեղծին նվիրված անդրանիկ գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումները նորովի բացահայտեցին և վերարժևորեցին Ռազմիկ Դավոյանի ստեղծագործության տարաբնույթ հարցեր. չափածոյի և արձակի գրականագիտական և լեզվաբանական խնդիրներ, գեղագիտական և գրապատմական նշանակություն, երաժշտության և թատերական արվեստի հետ ունեցած սերտ առնչություններ։
Զեկուցումներով հանդես եկան պրոֆեսորներ Դավիթ Գասպարյանը, Աննա Ասատրյանը, Սուրեն Աբրահամյանը, Սոկրատ Խանյանը, Աշոտ Գալստյանը, Հենրիետա Սուքիասյանը, դոցենտներ Կարինե Մարտիրոսյանը, Անուշ Ասլիբեկյանը, Քնարիկ Աբրահամյանը և ուրիշներ։
Գիտաժողովը նշանակալի քայլ էր Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունները նոր դիտանկյունից վերլուծելու և դրանց վերաբերյալ գիտական խոսքը հարստացնելու ուղղությամբ՝ միաժամանակ նպաստելով տաղանդավոր բանաստեղծի գրական ժառանգության արժևորմանն ու հանրահռչակմանը։