Քիմիայի ֆակուլտետի ուսանողները սույն թվականի հոկտեմբերի 13-ին և 15-ին շրջայց են կազմակերպել դեպի «Սարանիստ» ապակե տարաների արտադրական ձեռնարկություն և Արարատի ոսկու գործարան:
«Սարանիստ» ձեռնարկություն կատարած այցի ընթացքում ուսանողները ծանոթացել են ապակե տարաների արտադրության գործընթացին, արտադրության հիմնական փուլերին և կիրառվող տեխնոլոգիաներին։ Այցը հնարավորություն է տվել ավելի լավ պատկերացնելու ապակու արտադրության առանձնահատկություններն ու արդյունաբերական գործընթացների կազմակերպումը։
Արարատի ոսկու գործարան կատարած այցի ընթացքում ուսանողները ծանոթացել են ոսկու արտադրության ոլորտին, հանքանյութերի վերամշակման և օգտակար բաղադրիչների ստացման գործընթացների առանձնահատկություններին։ Այցը կարևոր հնարավորություն էր արտադրության մեջ քիմիական գործընթացների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մասին գործնական պատկերացում կազմելու առումով:
Ուսումնաճանաչողական նշանակություն ունեցող նմանօրինակ շրջայցերը կարևոր են ուսանողների մասնագիտական գիտելիքների ընդլայնման, տեսական նյութի և գործնական աշխատանքի միջև կապի ամրապնդման, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության վերաբերյալ ավելի ամբողջական պատկերացում կազմելու տեսանկյունից: