ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում սեպտեմբերի 19-ին հյուրընկալվեց Հռոմի Սապիենզայի համալսարանի քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական քիմիայի ոլորտի դոցենտ Ալեսանդրո Լաթինին։ Իտալացի գործընկերոջ այցի նպատակն էր ստեղծել մասնագիտական կապեր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի հետ, ինչպես նաև քննարկել երկու համալսարանների միջև փոխանակման ծրագրերի հնարավորությունը։
Այցի շրջանակում Ալեսանդրո Լաթինին ներկայացրեց Սապիենզայի համալսարանի «RimLab» կոչվող լաբորատորիայի խմբի ձեռքբերումները հիբրիդահալոգենային և քալկոգենային պերովսկիտների (RimLAB Research Activity on Hybrid Halide Perovskites and Chalcogenide Perovskites) ստացման բնագավառում։ Պլենար դասախոսության և թեմատիկ քննարկման ընթացքում իտալացի գործընկերը պատասխանեց Քիմիայի ֆակուլտետի գիտաշխատողների և ուսանողների հարցերին՝ ներկայացնելով նաև իր հարուստ մասնագիտական փորձն ու գիտելիքները։
Այցի ընթացքում Ալեսանդրո Լաթինին ծանոթացավ Քիմիայի ֆակուլտետի լաբորատոր պայմաններին և գիտահետազոտական աշխատանքներին։ Քննարկվեցին ապագայում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունները։ Օտարերկրյա գործընկերը բարձր գնահատեց ֆակուլտետի լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությունն ու կատարվող գիտահետազոտական աշխատանքները։
Նմանօրինակ հանդիպումները հնարավորություն են ընձեռում ընդլայնելու գործակցային կապերը, կատարելու համատեղ հետազոտություններ, կազմակերպելու գիտաժողովներ, որոնք մշտապես առանձնահատուկ տեղ են զբաղեցրել Քիմիայի ֆակուլտետի գործունեության մեջ։