Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը հոկտեմբերի 20-24-ը հյուրընկալեց Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանի քիմիական ինժեներիայի դոկտոր, պրոֆեսոր Նունու Գամային։
Այցի ընթացքում պրոֆեսորը հանդիպեց ֆակուլտետի դասախոսներին և ուսանողներին՝ ներկայացնելով իր փորձը նյութագիտության և նորարարական նախագծերի ոլորտում։ Նա հանդես եկավ հետաքրքիր և արդիական երկու դասախոսություններով՝ «Պլաստիկ նյութեր՝ ճանապարհ դեպի ավելի լուսավոր ապագա», «Կայուն ապագայի կառուցում՝ կապելով արդյունաբերությունը և ակադեմիական աշխարհը»։
Դասախոսություններ կարդալուց զատ՝ պրոֆեսոր Գաման այցելեց Քիմիայի ֆակուլտետի գիտահետազոտական լաբորատորիաներ, ծանոթացավ ֆակուլտետի նյութատեխնիկական բազային, ընթացող հետազոտական ծրագրերին և ԵՊՀ գիտական ներուժին։
Այցը կարևոր քայլ էր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի և Ավեիրուի համալսարանի միջև գիտական համագործակցության ստեղծման և միջազգային կապերի զարգացման ուղղությամբ։


