ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտնականների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025»-ի շրջանակում ԵՊՀ քիմիայի գիտահետազոտական կենտրոնի անօրգանական քիմիայի լաբորատորիայի գիտաշխատող, ծրագրի ղեկավար Հայկ Պետրոսյանը և քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դասախոս, ծրագրի կատարող Արթուր Նիգարյանը այցելել են Շարժայի համալսարան։ Այցի նպատակն էր նախանշել ապագա համագործակցության և համատեղ գիտական ծրագրերի զարգացման ուղիները։
Այցի շրջանակում կայացել են աշխատանքային հանդիպումներ Առողջապահական գիտությունների քոլեջի շրջակա միջավայրի առողջության գիտությունների ամբիոնում, ինչպես նաև նախագծի գործընկեր պրոֆեսոր Իոաննիս Սավվաիդիսի հետ։ Քննարկումներն առնչվում էին «Հայկական խաղողի կեղևների լուծամզվածքները որպես pH ինդիկատորներ» հետազոտական նախագծի ընթացիկ արդյունքներին, ձեռքբերումներին և հետագա անելիքների ռազմավարությանը։
Կայացած հանդիպումների շրջանակում ամբիոնի ղեկավար Խալեդ Աբասսի հետ քննարկվել են նաև ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի և Շարժայի համալսարանի շրջակա միջավայրի առողջության գիտությունների ամբիոնի միջև համատեղ գիտական հետազոտությունների և ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Այցի ընթացքում Հայկ Պետրոսյանը քոլեջի ուսանողների համար կարդացել է դասախոսություններ, անցկացրել սեմինարներ՝ դրանով իսկ նպաստելով ակադեմիական փորձի փոխանակմանը և երիտասարդ հետազոտողների մասնակցությամբ մասնագիտական քննարկումների անցկացմանը։
Բացի դրանից՝ կազմակերպվել է շրջայց համալսարանի գիտական լաբորատորիաներում, որի ընթացքում ներկայացվել են առկա տեխնիկական և հետազոտական ենթակառուցվածքները։








