Որակյալ կրթություն ստանալը մեր օրերում բազմաթիվ երիտասարդների համար մեծագույն արժեք է և կյանքի կարևորագույն նպատակներից մեկը: Ոմանց համար այդ նպատակի իրագործումը թվում է անիրական՝ առկա սոցիալական կամ նյութական խոչընդոտների պատճառով: Եվ այս դեպքերում ճիշտ պահին առաջարկված նյութական աջակցությունը կարող է ծառայել որպես հնարավորությունների պատուհան նպատակները իրագործելու ճանապարհին՝ մղելով շարունակական ինքնակատարելագործման և նպաստելով սեփական ուժերի նկատմամբ լիակատար վստահության ձեռքբերմանը:
Սերգեյ Գարեգինի Ասլանյանի կողմից հիմնադրված հիմնադրամիի ակունքներում այն տեսլականն է, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է հնարավորություն ունենա սովորելու, զարգանալու և իր տեղը գտնելու հասարակության մեջ։ Հիմնադրամի տրամադրած կրթաթոշակները, նյութական աջակցությունից զատ, ստեղծագործական ներուժի մեծացման և առաջընթացի հզոր խթան են:
Հիմնադրամի առաքելությունն է՝
• օգնել խոցելի խմբերի ուսանողներին կրթության միջոցով հաղթահարել դժվարությունները,
• քաջալերել առողջ ապրելակերպն ու նախաձեռնողականությունը,
• պահպանել այն արժեքները, որոնք մեզ դարձնում են ուժեղ ու միասնական։
Շուրջ երկու տարի հիմնադրամը իրականացրել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի տասնյակ ուսանողների կրթաթոշակների տրամադրման ծրագիր, ինչը խթանել է մասնագիտական համայնքի զարգացումը, ուսանողների շրջանում սերմանել է սեր կրթության հանդեպ և առաջընթացի ձգտում։
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի և Սերգեյ Ասլանյանի անվան բարեգործական հիմնադրամի («SA Foundation») միջև ձևավորված կայուն և ամուր համագործակցությունը կրթության մոտիվացիայի աղբյուր է բազմաթիվ ուսանողների համար և անշահախնդիր գործընկերության լավագույն օրինակ է։